Հոգեհանգիստ Սիրիայում զոհվածների համար
Սեպտեմբերի 2-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ս. Պատարագի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական գործողությունների հետեւանքով զոհված հայորդիների եւ հավատակիցների համար:
Ս. Պատարագին եւ հոգեհանգստին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մաամուն Ալ-Հարիրին, սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ եւ ուխտավորներ:
Մինչ արարողությունը Սիրիայում տիրող կացությանն ու սիրիահայ համայնքին անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը` ցավ արտահայտելով Սիրիայում շարունակվող հակամարտության առիթով եւ հանուն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ցավակցություններ հայտնելով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: «Հայ Առաքելական Եկեղեցին, որ Քրիստոսի խաղաղության Ավետարանի քարոզիչն է, մշտապես երկխոսության եւ համերաշխության կոչով է հանդես գալիս», - ասաց Սրբազան Հայրը`ընդգծելով Մայր Աթոռի եւ Դամասկոսի հայոց թեմի կողմից Սիրիայի ժողովրդին աջակցելուն ուղղված քայլերը եւ ձեռնարկված միջոցառումները:
Հոգեհանգստյան պաշտոնի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Սիրիայում տարբեր կրոնների ու մշակույթների խաղաղ ու համերաշխ գոյակցության հարուստ պատմությանը` գոհունակությամբ հիշատակելով հայ համայնքի նկատմամբ դարերի ընթացքում եւ մասնավորապես ցեղասպանության օրերին Սիրիայի իշխանությունների եւ ժողովրդի կողմից դրսեւորված եղբայրական հոգատար վերաբերմունքը: Իր մտահոգությունն արտահայտելով Սիրիայում ստեղծված իրավիճակի առիթով` Վեհափառ Հայրապետը կարեւորեց Սիրիայում խաղաղության, ներքաղաքական կայունության ու հասարակական համերաշխության շուտափույթ հաստատումը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ հույս հայտնեց, որ Բարձրյալի օգնականությամբ Սիրիայի ժողովուրդը կհաղթահարի ներկայիս դժվարությունները եւ կվերադառնա իր կյանքի բնականոն ընթացքին: