Հոգեհանգիստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Դեկտեմբերի 7-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը:
Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն 1988թ. երկրաշարժի զոհերի, ինչպես նաեւ նորոգ հանգուցյալներ Տ. Սահակ արք. Այվազյանի եւ Տ. Մեսրոպ արք. Աշճյանի հոգիների հանգստության համար:
«Այսօր դեկտեմբերի 7-ն է... Մեր հայացքի առջեւ վերապատկերվում են ահավոր տեսարանները ողբերգական այդ օրվա, եւ մեր հոգին վերապրում է տրտմությունն ու ցավը: Սակայն մեր այդ տխրությանը, մեր վշտին ավելանում է մի նոր ցավ: Անցած շաբաթ մեր եկեղեցին երկու հավատարիմ եւ արժանավոր հոգեւորականների կորցրեց` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության երկու միաբանների` Սահակ արք. Այվազյանին եւ Մեսրոպ արք. Աշճյանին:
Վերջին տարիներին մենք ավելի մոտիկից ճանաչելու հնարավորություն ենք ունեցել Մեսրոպ Սրբազանին: Նա երջանկահիշատակ մեր նախորդի կողմից հրավիրվեց Մայր Աթոռ` իր օգտակարությունը եւ ծառայությունը բերելու Սբ. Էջմիածնին: Սրբազանը կարճ տարիների ընթացքում հասցրեց գրո արժանի բազում գործեր, աշխատանքներ իրականացնել ու իրագործել: Անհանգիստ էր իր բնավորությամբ, ստեղծագործելու իր տարերքի մեջ, փնտրում էր միշտ նորը, որը պիտի ուրախացներ ժողովրդին, որը պիտի զորացներ հայրենիքն ու եկեղեցին», - նշեց Նորին Սրբությունն իր խոսքում: