Հոգեհանգիստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հուլիսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հոգիների խաղաղության համար:
Արարողության ընթացքում ներկաներին իր ցավակցական խոսքն ուղղեց Վեհափառ Հայրապետը:
«Խորը վշտով են համակված մեր հոգիները: Թեհրան-Երեւան օդանավի չարաբաստիկ աղետը մարդկային շատ կյանքեր խլեց: Ցավ է մեզ, որ բազմաթիվ մարդկանց երկրավոր կյանքի ընթացքը ավարտվեց ողբերգական իրադարձությամբ: Ասյպիսի դժվարին պահերին եւս մենք մեր աղոթքներն ենք բարձրացնում առ Աստված, ինչպես ասում է սաղմոսերգուն. «Զնեղութիւն եւ զանձկութիւն գտի եւ զանուն Տեառն կարդացի» (Սաղմ. ՃԺԴ 3-4): Հայցում ենք, որ Բարձրյալ Տերը մխիթարի մեզ ցավի եւ տրտմության մեջ, զորակից լինի` հաղթահարելու անդառնալի կորստի կսկիծը»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:
Հայոց Հայրապետը նաեւ իր ցավակցությունն ու սիրտակցությունը հայտնեց զոհվածների բոլոր հարազատներին, Իրանի եւ Վրաստանի իշխանություններին եւ ժողովուրդներին` աղոթելով, որ Տերը խաղաղության մեջ հանգստություն եւ երանություն պարգեւի հանգուցյալների հոգիներին եւ Սուրբ Հոգու շնորհներով մխիթարի եւ սփոփի սգակիր բոլոր սրտերը:
Հոգեհանգստին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, Մայր Աթոռի միաբաններ, զոհվածների հարազատներ: