Հոբելյանական նստաշրջան` նվիրված Սիմեոն Ա Երեւանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 300-րդ տարեդարձին

Հոբելյանական նստաշրջան` նվիրված Սիմեոն Ա Երեւանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 300-րդ տարեդարձին 23.12.2010

Դեկտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ հոբելյանական նստաշրջան` նվիրված երանաշնորհ Ն.Ս.Օ.Տ.Տ. Սիմեոն Ա Երեւանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 300-րդ տարեդարձին: Նստաշրջանը անց է կացվում հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակի միջոցառումների շրջանակում: Գիտաժողովին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ճեմարանականներ, մշակույթի եւ գիտության մշակներ:

 Բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, որից հետո ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «...Երանաշնորհ Սիմեոն Ա Երեւանցի Կաթողիկոսը կրթվեց ու դաստիարակվեց Սուրբ Էջմիածնում, որը նրա համար դարձավ հոգեմտավոր ծննդավայր, եւ որի զորացմանն ու պայծառությանը նա ամբողջանվեր ընծայաբերեց իր կյանքը: ...Սուրբ Էջմիածնի հանդեպ անհուն սիրով Սիմեոն Երեւանցին գործեց Մայր Աթոռում` որպես միաբան եւ ուսուցիչ, արդյունավորեց իր առաքելությունը հայոց վիճակներում` որպես նվիրակ: Այդ նույն սիրով իր ժողովրդին նվիրված պայծառամիտ ու քաջ հովիվը բազմեց Լուսավորչի Գահին: Ժամանակի դժվարին ու աննպաստ պայմաններում իր հավատավոր հոտի տառապանքների ականատեսը լինելով, իր սրտում մեծ վիշտ կրելով` Սիմեոն Հայրապետը իրեն կոչեց «վշտակոծ եւ ցավակիր Կաթողիկոս»: Սակայն հավատավոր ժողովրդին ի մխիթարություն բազմաբեղուն արգասավորեց տերունապատվեր ծառայագործությունը...», - իր խոսքում նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Անդրադառնալով Սիմեոն Կաթողիկոսի` ազգային-եկեղեցական կյանքի կազմակերպմանն ու զարգացմանն ուղղված ջանքերին` Նորին Սրբությունը նշեց, թե Սիմեոն Հայրապետը վստահ էր, որ սեփական անկախ պետությունից զրկված, աշխարհով մեկ սփռված իր սիրելի ազգի միասնությունն ու հոգեւոր ինքնությունը հնարավոր է պահպանել միայն Սուրբ Էջմիածնով եւ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ համախմբվելով:

Գարեգին Բ Կաթողիկոսը Սիմեոն Երեւանցու կոթողային գործերից նկատեց 1771 թ. Սուրբ Էջմիածնում` հայրենի հողի վրա, առաջին հայատառ տպարանի հիմնադրումը, որի գործունեությունն ուղղված էր մեր ժողովրդի հավատքի զորացմանը, ինքնության պահպանմանը եւ ազգային-եկեղեցական կյանքի վերազարթոնքին:

Նորին Սրբությունը ողջունեց նաեւ Մայր Աթոռի արխիվի եւ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությունը` հրատարակության պատրաստելու Սիմեոն Երեւանցու անտիպ գործերը:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց օրվա բանախոսներին եւ Մայր Աթոռի Արխիվի տնօրենին ու աշխատակիցներին` երանաշնորհ Հայրապետի ծննդյան 300-րդ տարեդարձին նվիրված նստաշրջանը կազմակերպելու համար:

 Այնուհետեւ ՀՀ Մշակույթի նախարարության անունից ողջույնի խոսք ասաց ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Նստաշրջանի առաջին նիստը, որի նախագահողներն էին Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը եւ Գեւորգ Տեր-Վարդանյանը, բացվեց Պավել Չոբանյանի` «Սիմեոն Ա Երեւանցու գործունեությունը» խորագրով բանախոսությամբ: Այնուհետեւ բանախոսությամբ հանդես եկան Վազգեն Համբարձումյանը («Սիմեոն Երեւանցի Կաթողիկոսի «Ջամբռ» երկի եւ «Քարոզգրքի» լեզվական առանձնահատկություններ»), Հայկ սարկավագ Թադեւոսյանը («Մայր Աթոռի Սբ. Գրիգոր Լուսավորիչ տպարանի հիմնադրումը»), Գայանե Պողոսյանը («Թղթի պատրաստման արվեստը Հայաստանում եւ Սուրբ Էջմիածնի տպարանի առաջին հրատարակությունների թուղթը»), Քնարիկ Ավետիսյանը («Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի պատկերագրությունը Սիմեոն Կաթողիկոսի օրոք»), Ավետ Ավետիսյանը («Սիմեոն Երեւանցի Կաթողիկոսի պատվիրած Աստվածամոր վերափոխման սրբապատկերի խորհրդաբանությունը») եւ Արմեն Տեր-Ստեփանյանը (« Սիմեոն Երեւանցին եւ Աղվանից կաթողիկոսությունը (ըստ Վարդան արքեպիսկոպոս Օձնեցու)»):

Երկրորդ նիստը նախագահում էին Արմեն Տեր-Ստեփանյանը եւ Գրիգոր Բրուտյանը, որի ընթացքում բանախոսություններ ներկայացրեցին Գեւորգ Տեր-Վարդանյանը («Սիմեոն Երեւանցու եղբորորդու (Գեւորգ Խուբյանց) պատմագրական ժառանգության արժեքը»), Գրիգոր Բրուտյանը («Սիմեոն Երեւանցու «Տօնացոյցը»), Վարդան Դեւրիկյանը («Սիմեոն Կաթողիկոսի «Տաղարանը»), Արփենիկ Ղազարոսյանը («Սիմեոն Ա Երեւանցու ձեռագրային ժառանգությունը»), Դավիթ Ղազարյանը («Սիմեոն Երեւանցու մատենագրական ժառանգությունը»), Միքայել Մալխասյանը («Սիմեոն Երեւանցու «Ջամբռ» երկը` որպես պատմա-աշխարհագրական հետազոտությունների սկզբնաղբյուր»), Մհեր Նավոյանը («Սիմեոն Երեւանցին եւ 18-19-րդ դդ. հայ երաժշտական մշակույթի խնդիրները») եւ Էմին սարկավագ Խաչատրյանը («Սիմեոն Ա Երեւանցին` որպես շինարար Հայրապետ»):

Բանախոսությունների ավարտին տեղի ունեցավ քննարկում, որից հետո փակվեց մեծանուն Հայրապետի ծննդյան 300-ամյակին նվիրված նստաշրջանը:

Դեկտեմբերի 24-ին, Սբ Գայանե վանքում` Տ. Տ. Սիմեոն Ա Երեւանցի Հայրապետի դամբարանի առջեւ կկատարվի հոգեհանգստյան արարողություն:

Նույն օրը, Մաշտոցի անվան Մատենադարանում «Տ. Տ. Սիմեոն Ա Երեւանցի. Լույսի եւ վշտի հայրապետ» խորագով կբացվի երանաշնորհ Կաթողիկոսի արխիվային վավերագրերի, ձեռագրերի եւ հնատիպ գրքերի ցուցահանդես: