Հնեվանքի խաչի օծումը
Նոյեմբերի 25-ը` որպես պատմական եւ հիշարժան օր, դեռ երկար կմնա կուրթանցիների եւ հարակից գյուղերի բնակիչների հիշողություններում, քանզի այդ օրը մեծ հանդիսությամբ օծվեց եւ տեղադրվեց Կուրթանի ձորում գտնվող VII-XII դարի հնամենի (կամ 7-րդ դարում կառուցված) Հնեվանքի գմբեթի խաչը:
Հիրավի պատմական էր այս օրը: Անհիշելի ժամանակներից խոնարհված եւ լքված վանական այս համալիրը` պետական բյուջեից հատկացված միջոցներով ահավասիկ կենդանության նոր շունչ է առնում: Վանքի վերակառուցման համալիր աշխատանքները շարունակական են:
Թեմի կենսագրության մեջ հիրավի պատմական եւ հոգեպարար այս արարողությանը` գլուխ ունենալով Գուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանին, ներկա էին Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքապետեր, երիտասարդություն, ուսուցիչներ եւ աշակերտներ: Համաձայն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ մեր հոգեշնորհ վարդապետների կանոնակարգած արարողության` ըստ պատշաճի խաչը լվացվեց նախ ջրով եւ գինով, ապա Սրբազան առաջնորդի ձեռամբ օծվեց սուրբ մյուռոնով: Եվ ինչպես իր քարոզում շեշտեց Սեպուհ սրբազանը. «Հնեվանքի այս հիասքանչ եկեղեցու խաչը սրբագործվեց` վերածվելով այն հաղթության զենքի եւ ամրության վահանի ի մխիթարություն եւ ի օրհնություն Լոռվա աշխարհի մեր հավատացյալների»: Ապա սրբազան հայրն իր հոգենորոգ քարոզով ներկաներին հանգամանալից մեկնաբանեց, թե ինչպես խաչը` մեր Տիրոջ խաչելությամբ, մահվան գործիքից վերածվեց փրկության միջոցի եւ մեզ` հայերիս համար դարձավ պաշտանմունքի առարկա: Սրբազան հայրն իր խոսքում ներկաներին, մասնավորապես երիտասարդությանը եւ աշակերտությանը հորդորեց քրիստոնեական արժեքներով կենցաղավարել եւ հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու ինքնությանը:
Ուխտավորներին իրենց գեղարվեստական համարներով` ասմունքով ու հոգեւոր երգերով, զվարթացրին Կուրթանի հանրակրթական դպրոցի սաները: Տոնական միջոցառումն ավարտվեց օրհնված մատաղի ճաշկերույթով սիրո մթնոլորտում: