Հանրապետական մաղթանք` Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 15-րդ տարեդարձի առիթով, Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների կատարվեց Հանրապետական մաղթանք` Հայրենիքի անսասանության, բարօրության ու առաջընթացի համար:

Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը,ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ նախարարներ, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, գիտության եւ մշակույթի գործիչներ:

* * *

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 15-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻՆ

( Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի, 21 սեպտեմբերի, 2006 թ.)

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Ի Տեառնէ եղեւ այս, եւ է սքանչելի առաջի աչաց մերոց: Այսօր է, զոր արար Տէր, եկայք ցնծասցուք եւ ուրախ եղիցուք ի սմա» (Սղմ. ՃԺԷ, 23-24)

Սիրելի Վեհափառ եղբայր,

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության Տիար Ռոբերտ Քոչարյան,

Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Տիար Արկադի Ղուկասյան,

Դիվանագիտական առաքելությունների պատվարժան ներկայացուցիչներ եւ սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այս պանծալի օրը, Աստծուց օրհնյալ օրը մենք միասնաբար աղոթք ու մաղթանք բարձրացրինք երկինք` հանուն մեր Հայրենիքի ազատ, շեն ու պայծառ կյանքի, հանուն մեր ժողովրդի միասնական, լուսավոր գալիքի: Այսօր Հայաստանի Հանրապետության 15-րդ տարեդարձի տոնական ուրախությունը կամարել է համայն մեր ժողովրդի հոգիները աշխարհի բոլոր կողմերում: Գոհություն մատուցենք մեր Տիրոջն ու Փրկչին մեզ պարգեւած առատ շնորհների համար. հույսի համար, որը չլքեց մեզ նեղությունների մեջ, հավատի համար` հանդեպ մեր հաղթանակը` հանդեպ մեր միասնության զորությունը: Գոհություն բարձրացնենք երկինք այն հավատարմության ու նվիրումի համար, որով ապրեց ու գործեց մեր ժողովուրդը Արցախյան պայքարից ու Հայաստանի անկախությունից ի վեր Հայրենիքում ու Սփյուռքում:

Արդարեւ, աշխարհի չորս ծագերում հայության սիրտը բաբախեց Հայրենիքի ազատության սիրով եւ իր նոր կյանքը կառուցելու ձգտումով: Եվ այսօր Հայաստանի Հանրապետության 15-րդ տարեդարձը փառքով է դիմավորում մեր ժողովուրդը: Դիմավորում է քաջությամբ անցած ճանապարհի անանց վաստակով` հայրենի անկախ պետականությունը զորացնելու ու վերափոխումների դժվարին ընթացքները հաղթահարելու վճռականությամբ, Արցախի արդար իրավունքը պաշտպանելու եւ ազգային իղձերը մարմնավորելու հավատով ու կամքով:

Փառք քեզ, ժողովուրդ հայոց, տասնհինգ տարիների հերոսական մաքառումներիդ համար, որը նոր սկիզբ է բարգավաճումի, հոգեւոր զարթոնքի, հայրենի հողի վրա համախմբումի, գիտական ու մշակութային առաջընթացի, որով մշտապես ճանաչելի է եղել մեր ժողովուրդը: Կոչված ենք ազատության: Ազատության արեւից լուսեղեն ու բարձր հասկեր պիտի բարձրանան, հույսից հույս պիտի ծնվի, հաղթանակից` հաղթանակ: «Տիրոջից եղավ այս, եւ սքանչելի է մեր աչքերի առջեւ: Սա է այն օրը, որ Տերը ստեղծեց, եկեք ցնծանք եւ ուրախանանք այսօր»,- սաղմոսերգուի այս խոսքն է հնչում այս պահին Մեր հոգում:

Սիրելի ժողովուրդ հայոց, միշտ հիշենք Աստծո սերը մեր հանդեպ, որով կոչված ենք արդար գործերի եւ չերկնչենք ներկա հրամայականների առջեւ, այլ նորոգված սիրով ու նվիրումով ծառայենք մեր Հայրենիքին ու մեր ժողովրդի նոր կյանքին:

Հայցենք մեր Փրկչից, որ անվարան պահի մեր հավատը, որը դեպի հաղթանակներ առաջնորդեց մեզ եւ թող այն` սրբափայլ շարունակի լուսավորել մեր ճանապարհը: Մեր սրտերում թող ապրի Հայրենիքին ծառայության անձնազոհ օրինակը նահատակ քաջորդիների: Փառք մատուցենք նրանց անմար հիշատակին եւ աղոթք բարձրացնենք նրանց հոգիների համար, որ երկնքում այսօր աղոթակից են մեզ: Եվ թող Տերը ունկնդիր լինի մեր աղոթքին, հայոց հողից, հայոց սրտից հնչած աղոթքներին` վասն կյանքի, խաղաղության ու ազատության եւ արժանի անի տեսնել մեզ մարմնավորումը մեր հույսերի:

Տեր շնորհաց եւ Տեր զորությանց, «խնդրեմ վասն ազգիս մերոյ, զի զորս պահեալ ես մինչեւ ցայժմ ի հաստատութեան եւ ի բարեկարգութեան, աղաչեմ մեծաւ թախանձանօք, զի եւ եւս պահեսցես ի խնամս Քոյ ի փառս անուանդ Քում սրբոյ»:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան. ամէն: