«Հանրակրթության արդի իրավիճակը Հայաստանում եւ Եկեղեցու դերը կրթական համակարգում» թեմատիկ քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քննարկում «Հանրակրթության արդի իրավիճակը Հայաստանում եւ Եկեղեցու դերը կրթական համակարգում» թեմայով` կազմակերպված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի եւ Կաթոլիկ օգնության ծառայության կողմից:
Աղոթքից հետո քննարկման մասնակիցներին իր ողջույնի խոսքն ուղղեց Կլոր սեղանի հիմնադրամի նախագահ, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը` ուրվագծելով կրթական ոլորտում առկա խնդիրները:
Ապա քննարկման մասնակիցներին հիմնադրամի գործադիր տնօրեն դր. Կարեն Նազարյանը ներկայացրեց Կլոր սեղանի «Քննարկումներ ազգային կրթական քաղաքականության վերաբերյալ» ծրագիրը, որը սկսվել է իրագործվել 2004թ. համագործակցաբար ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ: Ծրագրի նպատակն է հանրությանն իրազեկել ազգային կրթական քաղաքականության ձեւավորման գործընթացին: Մասնավորաբար ծրագիրը հետամուտ է հատուկ կարիքավոր երեխաների եւ պրոֆտեխնիկական կրթության խնդիրների ուսումնասիրմանը եւ լուծմանը, ինչն իրագործվելու է Կլոր սեղանի անդամ եկեղեցիների աջակցությամբ: Սա արդեն երկրորդ քննարկումն է, առաջինը տեղի է ունեցել 2004թ. նոյեմբերին` մասնակցությամբՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի:
Զեկույցով հանդես եկավ նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Կրթության Ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանը` ներկայացնելով կրթական ոլորտում առկա խնդիրները` առավելաբար հատուկ կրթության կազմակերպման դժվարությունները: Անդրադարձ եղավ մասնագիտական` տեխնիկական կրթության ոլորտին, որն, ըստ էության, այսօր անմխիթար վիճակում է:
«Այլընտրանքային ծառայությունների կենտրոն» փորձնական ծրագրի մասին խոսեց «Աստղիկ» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Ներսիսյանը:
Քննարկումների ընթացքում կարեւորվեց Եկեղեցու դերը հիշյալ երկու ոլորտների կրթության կազմակերպման հարցում:
Քննարկումներն ամփոփելուց հետո նախանշվեց նաեւ Կլոր սեղան հիմնադրամի գործունեությունը կրթական ծրագրերի իրականացման ոլորտում: