Հանդիսավոր թափոր եւ Ս. Պատարագ Ս. Գայանյանց տոնի առիթով
Հունիսի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Ս. Գայանյանց կույսերի պայծառ հիշատակը:
Առավոտյան եկեղեցականների հանդիսավոր թափորով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ, տոնի շարականների երգեցողության ներքո Մայր Աթոռից Ս. Գայանե վանք տարվեց սրբի մասունքով Ս. Աջը:
Օրվա առիթով Ս. Պատարագ մատուցվեց սրբի նահատակության վայրում կառուցված Ս. Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Հընթացս սրբազան արարողության Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով քրիստոնյայի կյանքում սրբության գաղափարին:
«Այսօր, Ս. Գայանյանց սուրբ կույսերի հիշատակության այս օրը, կանգնած այս սրբասուրբ տաճարի մեջ կույսերի մասունքների առջեւ, մեր ուխտն ենք նորոգում, աղոթք բարձրացնում առ Աստված, որպեսզի լինենք հավատարիմ մեր կյանքի սրբության կոչումի մեջ: Ուստի եկեք այս ուխտի օրը միասնաբար խնդրենք Աստծո իմաստությունը եւ շնորհները, որպեսզի մեզ առաջնորդի Իր արդար ճանապարհներով` ապրելու եւ արժանի լինելու այն սրբության, որով իրենց կյանքն ապրեցին ու իմաստավորեցին Ս. Գայանյանց կույսերն ու մեր լուսավոր հայրերը: Եկեղեցին միշտ կանգուն է, միշտ կենդանի է ու շնչում է իր անցյալի ու ներկայի սուրբերով, ձեզանով` սիրելի հավատացյալներ, որովհետեւ Ս. Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերը ձեզ նման ազնիվ հավատացյալներ էին, ովքեր իրենց կյանքը ուխտի ճանապարհով զոհեցին», - նշեց Հայր Վարդանն իր քարոզում:
Պատարագի վերջում Ամենայն Հայոց Հայրապետը սրբազան մասունքով վերստին օրհնեց հավատացյալներին, ապա ներկաները հնարավորություն ունեցան համբուրելու Ս. Գայանեի մասունքով Աջը եւ ստանալու օրհնություն: