Հանդիպում 300 երիտասարդների հետ

Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով ժամանեց Բոսթոն, ուր երեք օրերի ընթացքին մասնակցեց մի շարք միջոցառումների եւ արարողությունների:

Վեհափառ Հայրապետը Վոթերթաունի Սուրբ Հակոբ եկեղեցում հանդիպում ունեցավ մանուկների հետ: Կիրակի Քեմբրիջի Սուրբ Երրոդություն եկեղեցում մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ: Նորին Սրբությունն այցելեց նաեւ Քենեդու գրադարան, եղավ Ամերիկայի թանգարանում: Այս օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կկատարի նաեւ Բոսթոնից հյուսիս գտնվող Հայ Փոյնթեում կառուցվող հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, կայցելի Հոլոքոսթի հուշահամալիր:

Ուրբաթ երեկոյան Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ 18-45 տարեկան բոստոնաբնակ երեք հարյուր հայորդիների հետ: Հայոց Հայրապետի այցի առիթով կազմակերպվել էր հանդիսություն, որի ընթացքին երիտասարդները հանդես եկան երաժշտական կատարումներով եւ ասմունքով: Մի քանի գեղեցիկ համարներ ներկայացրեց Բոսթոնի «Սայաթ-Նովա» պարային համույթը:

Հանդիսության ընթացքին ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը երեկույթի մասնակիցներին ներկայացրեց Ամենայն Հայոց Հայրապետին, ապա շնորհակալություն հայտնեց հայորդիներին իրենց մասնակցության համար այս կարեւոր հանդիպմանը. «Դուք ճշմարտապես վկայում եք ձեր հավատի մասին` կատարելով ձեր ընտրությունը եւ ձեր մասնակցությամբ արտահայտելով ձեր սերն ու հարգանքը ձեր հավատի, Եկեղեցու եւ մեր սիրեցյալ Հայրապետի հանդեպ»: «Նորին Սրբության Հովվապետական այցն անց է կացվում «Հովվական ճամփորդություն - հավատը` մեր հարկերին» կարգախոսի ներքո: Ինչպես տեսնում եք, Նորրին Սրբությունը սիրում է իր զավակներին եւ ցանկանում է լսել ձեր մտահոգությունների, կարիքների եւ ակնկալիքների մասին: Ձեր ներկայությունն այստեղ հնարավորություն է ընձեռում Վեհափառ Հայրապետին լսելու ձեզ, ավելին ճանաչելու եւ սիրելու ձեզ»,- նշեց Սրբազան Հայրն իր խոսքում:

Հանդիսության ավարտին իր պատգամը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր գնահատանքն ու օրհնությունը հայտնելով նրանց խանդավառության ու բացառիկ ընդունելության համար: «Ձեր խանդավառությունը մեծապես ներշնչել է մեզ եւ մեծ բերկրանք պարգեւել մեր հոգուն: Սա պտուղն է ձեր ծնողների եւ ձեր հոգեւոր հովիվների, ովքեր ջանացել են կրթելու ձեզ իբրեւ հավատարիմ զավակներ մեր Մայր Եկեղեցու», - նշեց Նորին Սրբությունը` կարեւոր նկատելով հայոց քրիստոնեական հավատի առկայությունն իրենց կյանքում եւ հրավիրելով բոլոր հայորդիներին` իրենց հավատին հավատարիմ ապրել: «Կիրակի, երբ ձեզ հետ միասին մասնակցում ենք Սուրբ Պատարագի, մենք վկայում քրիստոնեական մեր հավատն ու ժառանգությունը, որ 1700 տարի շարունակ մեզ են փոխանցել մեր հայրերը եւ մայրերը: Մոտեցեք Աստծուն, սիրեցեք ձեր Եկեղեցին, եղեք հավատավոր ամերիկացիներ եւ երբեք մի մոռացեք ձեր հայ քրիստոնեական ինքնությունը` այն բելերով ձեր հարկերից ներս իբրեւ անբաժանելի մաս ձեր ամենօրյա կյանքի», - ասաց Հայոց Հայրապետը:

30-օրյա Հովվապետական այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելելու է ԱՄՆ 13 նահանգների 18 քաղաքներ: