Հանդիպում Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլի հետ
Հոկտեմբերի 15-ին, Մոսկվայում` Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանում, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը եւ Սրբազանին ուղեկցող Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քհն. Մելիքյանը հանդիպում ունեցան Ռուս Եկեղեցու Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջեւ ընթացող երկխոսության երկրորդ շրջանի օրակարգին եւ ժամկետներին վերաբերող հարցեր:
Երկու եկեղեցիների պետերի` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ալեքսի Բ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի նախաձեռնությամբ սկսված երկխոսության շրջանակներում առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2001թ. փետրվարին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Հանդիպման մասնակիցները Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սոցիալական հայեցակարգի դրույթների հիման վրա քննարկել էին Եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Եզնիկ Սրբազանը եւ Կիրիլ միտրոպոլիտը, անհրաժեշտ նկատելով երկխոսության շարունակումը, պայմանավորվածություն ձեռք բերեցին` երկխոսության շրջանակում 2008 թվականին մի շարք համատեղ հանդիպումներ անցկացնելու: Մտքեր փոխանակվեցին նաեւ երկու Եկեղեցիների միջեւ առկա համագործակցության հետագա զարգացման առնչությամբ:
Հանդիպմանը ներկա էին նաեւ Մոսկվայի պատրիարքության Արտաքին հարաբերությունների բաժնի միջքրիստոնեական հարաբերությունների քարտուղար Իգոր քահանա Վիժանովը եւ բաժնի աշխատակից Ալեքսանդր քահանա Վասյուտինը: