Հանդիպում Հռոմում
Հունվարի 24-31-ը Հռոմում գումարվել է Կաթոլիկ Եկեղեցու եւ Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ Աստվածաբանական երկխոսության համատեղ միջազգային հանձնախմբի հանդիպումը:
Ժողովը, որ նախագահում են Հռոմի Քրիստոնեական Միության քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Վալտեր Կասպերը եւ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Դամիեթեի Մետրոպոլիտ Ամբա Բիշոյը, քննարկում է երկխոսության հինգ տարիների արդյունքում ստեղծված «Եկեղեցու բնույթը, սահմանադրությունը եւ առաքելությունը» խորագրով փաստաթուղթը: Հանձնախումը որոշելու է երկխոսության հետագա ընթացքը:
Ժողովին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արք. Պարսամյանը, ինչպես նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից Գերաշնորհ Տ. Օշական արք. Չոլոյանը եւ Գերաշնորհ Տ. Նարեկ եպս. Ալեմեզյանը: