Հանդիպում ՀԲԸՄ տարածքային կոմիտեի անդամների հետ
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց ՀԲԸՄ Հարավային Կալիֆորնիայի մարզային հանձնախմբի հետ` գլխավորությամբ տիար Սինան Սինանյանի:
Առաջնորդի ողջույնի խոսքից հետո ՀԲԸՄ Կենտրոնական կոմիտեի անդամ տիար Սինան Սինանյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին հակառակ ծանրաբեռնված ժամանակացույցի ՀԲԸՄ հանձնախմբի անդամներին ընդունելու համար: Պրն. Սինանյանը նաեւ իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը, ում նախաձեռնությամբ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցում ներկայիս Արեւմտյան թեմի հաստատման 80-ամյակի առիթով մատուռ է կառուցվում: Իր հերթին ՀԲԸՄ տարածքայի կոմիտեի նախագահ Վահե Իմաստունյանը վստահեցրեց Հայոց Հայրապետին, որ ՀԲԸՄ-ը պատրաստակամ է ծառայելուՀայրենիքին եւ Հայոց Եկեղեցուն իր հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով:
Նորին Սրբությունն իր խոսքում օրհնությամբ ու գնահատանքով անդրադարձավ ՀԲԸՄ-ի բազում տարիների նվիրյալ ծառայությանը Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Նա վստահություն հայտնեց, որ ՀԲԸՄ-ն միշտ էլ աջակից կլինի Մայր Աթոռին: Հայրապետը տեղեկացրեց նաեւ ՀԲԸՄ բարերաներ տեր եւ տիկին Ալեք եւ Մարի Մանուկայնների մարմինների Մայր Աթոռ փոխադրության եւ Սուրբ Էջմիածնում ամփոփման մասին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց խաչքարի օծում, որը տեղադրվելու է «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցում կառուցվող մատուռում: Հանդիպումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով: