Հանդիպումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Հանդիպումներ  Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 15.10.2012
Հանդիպումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

 

 

Հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ-իտալական խորհրդարանական բարեկամության խմբին: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանի և Իտալիայի իշխանությունների միջև հարաբերությունները գնալով ավելի են զարգանում` համահունչ դարերի ընթացքում երկու երկրների միջև եղած բարեկամությանը: Անդրադառնալով Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ դրանք բարձր մակարդակի վրա են գտնվում և աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ երկու Եկեղեցիների եղբայրական հարաբերություններն արտահայտվում են ինչպես հովվապետերի, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականների փոխայցելություններով: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաև, որ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու աջակցությամբ Հայ Եկեղեցու մի շարք սպասավորներ իրենց կրթությունն են շարունակում Եվրոպայի և Ամերիկայի բարձրագույն ուսումնական հաստատություններում` մասնագիտանալով աստվածաբանական զանազան գիտությունների մեջ: Զրույցի ընթացքում խոսվեց նաև հայ ժողովրդի հոգևոր, մշակութային կյանքում, ինչպես նաև ազգային ինքնության պահպանման գործում Հայ Եկեղեցու կարևոր դերակատարության մասին, անդրադարձ կատարվեց Հռոմի և Միլանի հայկական համայնքների վիճակին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և Հայ Եկեղեցու միջեկեղեցական ու միջկրոնական կապերին: