Հայ Եկեղեցու պատվիրակությունը ներկա գտնվեց Համառուսական ազգային համաժողովին
Դեկտեմբերի 12-14-ը Ռուսաստանի Սավրոպոլ քաղաքում, նախագահությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի, տեղի ունեցավ Համառուսական ազգային համաժողովը` նվիրված Կովկասում խաղաղությանը:
Համաժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը, որի կազմում էին Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Պյատիգորսկի հոգևոր հովիվ Տ. Արամ ավագ քահանա Հունանյանը, Կիսլովոդսկի հոգևոր հովիվ Տ. Սարգիս քահանա Պողոսյանը և Ստավրոպոլի հոգևոր հովիվ Տ. Գրիգորիս քահանա Պողոսյանը:
Համաժողովի պլենար նիստին ողջյունի խոսքով հանդես եկավ Հովակիմ եպիսկոպոսը` Նորին Սրբություն Կիրիլ Ա Պատրիարքին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջյունները: Դիմելով համաժողովի մասնակիցներին Սրբազան Հայրը մասնավորապես ասաց. «Հայ ժողովրդի զավակները մշտապես կարևորել են խաղաղությունն ու համագործակցությունը տարբեր ազգերի ու մշակույթների միջև: Այդ է պատճառը, որ Հայ Եկեղեցին մշտապես մասնակից է տարբեր կառույցների կողմից իրականացվող խաղաղասիրական ծրագրերին: Հարկ է նշել Կովկասյան տարածաշրջանի կրոնական առաջնորդների եռակողմ և քառակողմ հանդիպումները, որոնք կազմակերպվում են Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի նախաձեռնությամբ ու ջանքերով: Այնուամենայնիվ, երբեմն ստիպված ենք ցավով արձանագրել, որ հակառակ հոգևոր պետերի գործադրած ջանքերին, աշխարհում չեն դադարում պատերազմներն ու ահաբեկչությունը, ազգամիջյան բախումները, որոնք երբեմն ուղեկցվում են կրոնական և ազգային հակամարտություններով և էթնիկ ատելությամբ: Քիչ չեն դեպքերը, երբ կրոնը գործիք է դառնում այն անձանց ձեռքին, որոնց շահերն ու հետապնդած նպատակները չեն աղերսվում կրոնի, հավատքի և Աստծու հետ: Մտահոգ ենք, որ մեր օրերում կարող է արդարացվել ու նաև հերոսացվել մարդասպանը…»:
Դեկտեմբերի 13-ին Հայ Եկեղեցու պատվիրակները մասնակցեցին նաև Ստովրոպոլի Կազանյան Ս. Աստվածածնի տաճարի օծման արարողությանը: