Հայ Եկեղեցու պատվիրակությունը Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի 13-րդ համաժողովում
Հուլիսի 15-ին Լիոնում ընթացող Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի 13-րդ համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեհրան-Երեւան ավիավթարի զոհվածների հիշատակը եւ աղոթեցին նրանց հոգիների խաղաղության համար: Ի դեմս Հայ Եկեղեցու պատվիրակության համաժողովի նախագահությունը եւ մասնակիցները իրենց ցավակցությունը հայտնեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ համայն հայ ժողովրդին:
Նույն օրը համաժողովի առաջին լիագումար նիստի ընթացքում ձեւավորվեցին համաժողովի մի շարք հանձնախմբեր, որոնցում ընդգրկվեցին նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակության անդամներից Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը (հանրային խնդիրների հանձնաժողով) եւ երեցկին Փոլա Դեւեջյանը (թեկնածուների առաջադրման հանձնաժողով):
Հուլիսի 16-ի լիագումար նիստի ընթագքում «Մեկ հույս ի Քրիստոս» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ հայկական պատվիրակության անդամ Անի Ղազարյանը (Լոզանի համալսարանի դոկտորանտ), ով մասնակցեց նաեւ զեկույցին հաջորդած հարց ու պատասխանին:
Հայ Եկեղեցու պատվիրակները մասնակցում են նաեւ աշխատանքային բոլոր խմբերի քննարկումներին Եվրոպայի եւ Եվրոպական եկեղեցիների կյանքում առկա արդիական խնդիրների շուրջ:
Հուլիսի 17-ին Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը ղեկավարել է «Մարդու իրավունքներ» թեմայով քննարկումը: