Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական հանձնախմբի հանդիպումը Սուրբ Էջմիածնում

Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական հանձնախմբի հանդիպումը Սուրբ Էջմիածնում

     Օգոստոսի 28-29-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կողմից նշանակված Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական հանձնախումբի ժողովը:

     Ժողովին մասնակցեցին նախապատրաստական հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը և սրբադասման ու ծիսական բարեկարգության հանձնախմբերի անդամներ` Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը, Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Գերաշնորհ Տ. Բաբգեն եպիսկոպոս Չարյանը:

     Օգոստոսի 28-ին, չորեքշաբթի օրը, Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն ընդունեց ժողովական հայրերին, և նրանց փոխանցեց Եպիսկոպոսաց ժողովի գումարման մասին իր պատկերացումներն ու արդյունալից աշխատանքի օրհնությունները:

     Երկու օրերի ընթացքում ժողովական Սրբազան Հայրերը քննարկեցին Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի գումարման թվականի, օրակարգի և ժամանակացույցի հետ կապված հարցեր:

     Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա 2013 թ.-ի սեպտեմբեր 24-27-ը Ս. Էջմիածնում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և ներկայությամբ: