Հայ Եկեղեցին դեմ է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի հայցով ՄԻԵԴ վճռին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:
Այս առնչությամբ Նորին Սրբությունը նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիեր Բուրխալտերին` հանուն Հայ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ընդվզում հայտնելով ՄԻԵԴ վնասակար որոշման դեմ, որը սպառնալիք է ցեղասպանությունների պարագային արդարության վերականգնման և ազգերի միջև խաղաղության ու փոխադարձ հարգանքի հաստատման համար: Զորակցություն հայտնելով այս հարցում համընդհանուր ընդվզմանը` Վեհափառ Հայրապետը Շվեյցարիայի կառավարությանը` մասնավորապես Արդարադատության նախարարությանը, հորդորել է բողոքարկել այս որոշումը: Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել բարի կամքի տեր մարդկանց և պետություններին` այս առնչությամբ իրենց կեցվածքն արտահայտելու Ցեղասպանության մերժողականության դեմ` հանուն խտրականության ու անհանդուրժողականության վերացման և ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը պաշտոնական գրություն է հղել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Վեր. դոկտ. Օլավ Թվայթին` հորդորելով Խորհրդի անդամ Եկեղեցիներին իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ աղետաբեր այս վճռի` ի պաշտպանություն Շվեյցարիայի, ինչպես նաև Կաթոլիկ Եկեղեցու Շվեյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս Բյուխելին: