Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովն ավարտեց իր աշխատանքը
Սեպտեմբերի 24-ից 27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, գումարվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 62 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ:
Մայր Տաճարում Առավոտյան ժամերգությունից հետո, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Տերունական աղոթքով բացվեց Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:
Ժողովի բացման արարողությանը եպիսկոպոսաց դասին ողջունեց Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանը: Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներին իրենց պատգամը փոխանցեցին Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Եպիսկոպոսաց դասին ժողովի առիթով իր խոսքն ուղղեց նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Աթոռի ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Բացման արարողության ավարտին կազմվեց ժողովի դիվանը հետևյալ կազմով. ատենապետներ` Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան և Գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյան, ատենադպիրներ` Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյան և Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան, ապա անցավ օրակարգի հարցերի քննությանը:
Սեպտեմբերի 24-ի նիստերին եպիսկոպոսաց դասը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրը: Այս առնչությամբ Սրբադասման հանձնախմբի կատարած աշխատանքների և ուսումնասիրությունների արդյունքների մասին զեկույցներ ներկայացրեցին հանձնախմբի համաատենապետներ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Զեկույցների քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի առնչությամբ եպիսկոպոսաց ժողովը որոշեց.
ա. որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը,
բ. հանձնարարել Սրբադասման հանձնախմբին` շարունակել նահատակների անհատական և խմբային սրբադասման ուսումնասիրությունը` Եպիսկոպոսաց առաջիկա ժողովներին ներկայացնելու համար,
գ. հանձնարարել Սրբադասման հանձնախմբին մշակել սրբադասման կանոնակարգը և արարողակարգը` Եպիսկոպոսաց առաջիկա ժողովին ներկայացնելու համար:
Սեպտեմբերի 25-26-ի նիստերին Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները քննության առան Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առաջին երկու խորհուրդների` Ս. Մկրտության և Դրոշմի առնչությամբ Ծիսական հանձնախմբի կողմից կատարված աշխատանքները: Զեկույցներ ներկայացրեց հանձնախմբի համաատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Համակողմանի քննարկման արդյունքում ժողովը ընդունեց Ս. Մկրտության և Դրոշմի խորհուրդների միօրինակ բնագիր: Քննարկման նյութ դարձան Ս. Մկրտության խորհրդի հետ առնչված հարցերի ուղեցույցը և Ս. Մկրտության խորհրդի խրատական-ուսուցողական ձեռնարկը, որոնց առնչությամբ Ծիսական հանձախմբին հանձնարարվեց շարունակել լրամշակման աշխատանքները: Կարևորությամբ քննարկվեց նաև Հայ Եկեղեցու ծիսական լեզվի խնդիրը և այլ հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն նկատվեց հավելյալ ուսումնասիրությունների:
Սեպտեմբերի 27-ի նիստերը նվիրված էին Հայ Եկեղեցու այժմեական մարտահրավերներին: Այս մասին զեկույցներով հանդես եկան Գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը և Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Քննարկելով ներկայացված մարտահրավերները, որոնք վերաբերում էին Եկեղեցու ծիսական, քարոզչական կյանքին և կրթա-դաստիարակչական ու սոցիալական առաքելությանը, հայապահպանության խնդիրներին` ժողովականները որոշեցին դրանք առաջնահերթության սկզբունքով համապարփակ քննության առարկա դարձնել առաջիկա Եպիսկոպոսաց ժողովներին:
Եպիսկոպոսաց ժողովը արդյունքների ամփոփման հանգրվանին մտահոգությամբ անդրադարձավ նաև մեր ժողովրդի ազգային, եկեղեցական կյանքում առկա ընկերային, տնտեսական, ժողովրդագրական և տարաբնույթ այլ մարտահրավերներին ու դժվարություններին: Նշյալ մարտահրավերներին ու հիմնախնդիրներին ընդառաջ, եպիսկոպոսաց դասը, ելնելով Հայ Առաքելական Եկեղեցու ծառայական ոգուց, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, որոշեց հաստատել հիմնադրամ` Հայաստանի ու Արցախի և սիրիահայության կարիքավոր զավակներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնադրամի գործունեության մեկնարկի համար հաստատվեց երկու միլիոն ԱՄՆ դոլարի նախնական դրամագլուխ, իսկ հիմնադրամի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար ստեղծվեց հատուկ հանձնախումբ:
Ժողովի ավարտին եպիսկոպոսաց դասը գոհունակությամբ արձանագրեց ժողովի արդյունավետ ընթացքը և երախտագիտություն հայտնեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին` Մայր Աթոռում եպիսկոպոսաց եղբայրական սիրով համախմբման հնարավորության համար: Ժողովականները կարևոր նկատեցին եպիսկոպոսաց ժողովների պարբերաբար գումարումը` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներին ու հայ ժողովրդին հուզող հարցերին անդրադառնալու և դրանց առնչությամբ Հայ Եկեղեցու տեսակետները և մոտեցումները ճշգրտելու նպատակով:
Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը որոշվեց գումարել 2014 թվականի աշնանը:
Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով և աղոթքով: