Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հայրապետական մաղթանք
Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 12-րդ տարեդարձի և ծննդյան 60-ամյակի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք:
Հայրապետական մաղթանքին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, այս առիթով Հայաստան ժամանած թեմակալ առաջնորդներ և տարբեր թեմերի պատվիրակներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ և բազում հավատացյալներ:
Տաճարի զանգերի ուրախալի ղողանջների ներքո հանդիսավոր թափորը Հայոց Հայրապետին և ՀՀ նախագահին Վեհարանից առաջնորդեց Մայր Տաճար, ուր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը ներկաներին հրավիրեց միասնական աղոթքի Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության ու արդյունաշատ գահակալության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության համար:
Այնուհետև եպիսկոպոսաց դասը` հանդիսապետությամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի, ավագ խորանի վրա կատարեց Հայրապետական մաղթանքի արարողությունը, որի ընթացքում հնչեցին շնորհավորական ուղերձներ:
Ի դիմաց Գերագույն Հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, Մայր Աթոռի պաշտոնեության և աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդի Նորին Սրբությանը գահակալության 12-րդ տարեդարձի և ծննդյան 60-ամյակի առիթով շնորհավորեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Իր խոսքում Սրբազանը մասնավորաբար անդրադարձավ Վեհափառ Հայրապետի հոգևոր սպասավորության ուղուն: ՙ...Իր ծնունդից 48 տարիներ հետո ապագա Հայրապետը բազմեց Հայրապետական գահին` վերստին հաստատելով Տիրոջն իր հավատարմությունը` ՙՏեր Աստված, ես Քո ծառան եմ և որդին Քո աղախնու՚:
Հայրապետը ցավ ու ողբերգություն ապրեց Հայաստանում ներքաղաքական ցնցումներով ու լարվածություններով, գործեց ու նոր շենություն բերեց Մայր Եկեղեցուն, ուրախացավ Հայաստանի ու հայերի հաջողություններով, չընկճվեց, երբ չհասկացվեց, չհուսահատվեց, երբ հանիրավի և անհիմն մեղադրվեց և միշտ ու հարատև կարդաց առ Աստված և ասաց` ՙՏեր, ես Քո ծառան եմ և որդին Քո աղախնու՚ և շարունակեց հուսալ և արժանապես կրեց կոչումը. ԳԱՐԵԳԻՆ ԾԱՌԱՅ ՔՐԻՍՏՈՍԻ ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ...՚, - նշեց Արշակ Սրբազանը` մաղթելով Վեհափառ Հայրապետին երջանիկ, արգասաբեր գահակալություն, արևշատություն և մշտանորոգ բյուր բարիք: Սրբազանն իր խոսքում նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ և ԼՂՀ իշխանություններին` Հայոց Եկեղեցու հովվապետի ազգաշեն ու եկեղեցաշեն ծրագրերին ըստ ամենայնի աջակից լինելու համար, մշակույթի և արվեստի գործիչներին, կրթության մշակներին, ազգային ու բարեսիրական հաստատությունների ներկայացուցիչներին ու համայն մեր ժողովրդին` Հայոց Եկեղեցուն և Հայոց Հայրապետին միշտ սատար ու օգնական լինելու պատրաստակամության համար:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական Աթոռների գահակալների անունից շնորհավորանքներ փոխանցեցին Աթոռների ներկայացուցիչները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհավորեց Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: ՙԱնցնող վաթսուն տարիները և այդ վաթսուն տարիների վերջին 12 տարիները հատկապես եղան Աստծու օրհնությամբ օծուն տարիներ Ձերդ Վեհափառության կյանքի և առաքելության ընթացքին: Ձեզ տրված աստվածային շնորհներով, ձեր հավատքի ուժգնությամբ ձեր հայրապետության օրերը պայծառափայլ աշխատանքներով վերածեցիք հոգևոր մխիթարության և վերազարթոնքի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելության մեջ՚, - նշեց Սեպուհ Սրբազանը` անդրադառնալով ինչպես Հայաստանում, այնպես և Սփյուռքում իրականացվող ծավալուն եկեղեցաշինությանը, Նորին Սրբության հովվապետական և միջեկեղեցական այցելություններին: Սրբազանն ընդգծեց, որ Վեհափառ Հայրապետի գահակալության 12 տարիներին ձևավորված հարաբերությունները Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Արամ Ա Կաթողիկոսի հետ նոր էջ բացեցին Հայ Եկեղեցու արդի պատմության մեջ. ՙՄենք խորապես համոզված ենք, որ այսօր մենք չենք կարող անցյալի գործելակերպով շարունակել մեր կյանքը, այսօրվա նոր մարտահրավերները մեզ բոլորին պարտավորեցնում են, որ նոր գործելակերպով ու մեր Եկեղեցու և Հայրենիքի առաջ ծառացած մարտահավերների համապատասխան գործելակերպով գործենք ու աշխատենք՚:
Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի բարեմաղթանքները փոխանցեց Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը` նշելով. ՙԳահակալության այս տասներկու տարի ընթացքում Դուք կարողացաք բազում դժվարություններ հաղթահարել Ձեր անսահման եռանդով և ներքին ուժով: Ձեր նվիրումով ու առ Աստված հավատով, հայրենի պետության բարյացակամ աջակցությամբ, համագործակցաբար Նվիրապետական Աթոռների, ինչպես նաև ողջ հոգևոր դասի ու հավատավոր ժողովրդի հետ կարողացաք հասնել բազում կրոնական, կրթական, եկեղեցաշինական ծրագրերի իրագործմանը, որոնք կենդանի վկայություններ են Ձեր ստեղծագործ և արարող ոգու մասին՚:
Կոստանդուպոլսի հայոց պատրիարքության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորեց Կ.Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: ՙՁեր ծառայությունը շարունակվում է և տարածվում Մայր Աթոռի հովանավորությունը վայելող ամեն մարզից ներս: Հովվապետական այցելություններով մխիթարում եք Ձեր զավակներին, հոգևորականների պատրաստությամբ ապահովում եկեղեցիների շենությունը, հրատարակչությամբ քաջալերում եք հոգևոր գրականության ընթերցման ծավալումը, մատենադարանական շինարարությամբ հոգևորականների մոտ ամրապնդում եք հոգևոր գրականություն մշակելու սերը, Ձեր հայրական հորդորներով զորացնում եք հոգևոր ծառայության պատրաստվող երիտասարդներին և այդ բոլորը անում եք հաստատակամությամբ և չափված ու կշռված վճռական քայլերով: Ձեր ծառայության միջոցով Եկեղեցին զորանում է, աճում, թափ ստանում` ավելի եռանդագին գործելու հատկապես ներկա ժամանակներում, երբ բազում հոսանքներ սպառնում են հավատքի և հոգևոր կյանքի զարգացմանը՚, - ասաց Արամ Սրբազանը:
Շնորհավորական ուղերձներից հետո ՙՁոն Վեհափառի՚ երգեցողության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրվեց Ս. Խորան, որտեղից ՙՊահպանիչ՚ աղոթքով օրհնեց արարողությանը մասնակից հավատավոր ժողովրդին:
Հայրապետական մաղթանքի ավարտին Մայր Աթոռում տեղի ունեցավ ընդունելություն: