Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տասներորդ տարեդարձի առիթով:
Հանդիսավոր թափորը զանգերի ղողանջների ներքո Հայոց Հայրապետին առաջնորդեց Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի մոտ հանդիսապետությամբ Նորին Սրբության եւ առընթերակայությամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի, Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Տ. Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի, թեմակալ առաջնորդների եւ վանաբնակ եպիսկոպոսների կատարվեց մաղթանքի արարողությունը: Եկեղեցականաց դասը եւ ներկա բարեպաշտ հայորդիներն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության եւ Նորին Սրբության քաջառողջության, կենաց արեւշատության եւ բազմամյա գահակալության համար:
Հայրապետական մաղթանքի ավարտին հանուն եպիսկոպոսաց դասի եւ Մայր Աթոռի միաբանության Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին շնորհավորական խոսքով դիմեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Սրբազանն իր խոսքում ասաց.
«Քեզ պարտ է բանաւոր հօտիդ վաստակել եւ
տքնել անդադար միշտ, եւ դողալ եւ հոգալ հանապազ,
եւ ջերմագութ գորովով առաւել քան զհայր գթած եւ
քան զմայր մատաղածին խնամել եւ սիրել,
եւ խնդրել ոգւոցն նոցա փրկութիւն, եւ հանապազ ուսուցանել
բանիւ վարդապետութեամբ, եւ որ առանձինն եւ որ ի մէջ ժողովրդոց»:
Այսպիսի պատվիրան է հնչեցնում կաթողիկոսացող յուրաքանչյուր անձի համար սուրբ Հովհան Մանդակունի Հայրապետը: Այս պատվիրանին ականջալուր` Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն արդեն տասը տարի իր ձեռքում ունի հայոց հայրապետներից ժառանգած հովվապետական գավազանը, որը գահակալության ընթացքում դարձավ տքնության, անձանձիր ճիգի ու ամենօրյա խոնջանքի հանձնառություն: Գավազան, որը հիշատակվում է մեր աղոթքներում. «Շնորհեսցես մեզ ընդ երկայն աւուրս, ուղիղ վարդապետութեամբ», որպեսզի հայրապետը միշտ ի ձեռին ունենա «գաւազան ծաղկեալ` յարմատոյն Յեսսեայ»:
Ահավասիկ Միածնաէջ սրբավայրում, հոգով ծնրադիր, բարեբաստիկ առիթով ներկա եւ մասնակից ենք կաթողիկոսական խորհրդի մեծարման: Այդ խորհուրդն ամփոփում է մի անձ, որ աստվածային նախախնամությամբ բացառիկ իրավունք ունի կրելու Նորին Սուրբ Օծություն, Կաթողիկոս Ամենայն Հայոց, Ծայրագույն Պատրիարք հնչեղ ու վսեմ պատվանունները: Արդ որդիական սիրով հավաքվել ենք շնորհավորելու Գահակալին, որն է «Ծառայ Յիսուսի Քրիստոսի` ողորմութեամբ Աստուծոյ եւ կամօք ազգի` եպիսկոպոսապետ եւ կաթողիկոս Ամենայն Հայոց, Ծայրագոյն Պատրիարք Համազգական նախամեծար Աթոռոյ Այրարատեան մայր եկեղեցւոյ Սուրբ Էջմիածնի», որը մեկ տասնամյակ առաջ ջերմ հավատքով մրմնջաց այս աղոթքը. «Տէր Աստուած Հարցն մերոց, ուսո ինձ առնել զկամս քո եւ ուղղեա զգնացս իմ ի ճանապարհս քո արդարութեան: Լեր ինձ օգնական եւ մարտակից վասն շինութեան եւ անսասանութեան Սրբոյ Եկեղեցւոյն Հայաստանեայց, վասն լուսաւորութեան եւ հոգւոյ մխիթարութեան հաւատացեալ ժողովրդեան Հայոց եւ վասն բարօրութեան Հայրենեաց մերոց»:
Անշուշտ, իրեն Ամենայն հայոցի հարազատ մասնիկը համարող յուրաքանչյուր անձ զգում է այս խորհրդի վեհությունը եւ ազգային հարգանքի արժանին մատուցում այս սուրբ վայրին եւ աստվածակառույց այս սուրբ տաճարում հաստատված կաթողիկոսական աթոռի գահակալին:
Աստծո կամոք կաթողիկոսացողը ձեռնադրությամբ եւ սուրբ օծումով այլակերպվում է, պայծառակերպվում` վերածվելով մի խորհրդանիշի, որի մարդկային հատկանիշները Սուրբ Հոգու շնորհների ներքո վերաճում են` դառնալով ազգի համահավաք հավատքն ու խիղճը: Որպես ազգի ընտրյալ, նա կանչված, ի վերուստ առաքված հանձնակատար է, Քրիստոսի խորհրդական մարմինը հանդիսացող սուրբ եկեղեցու գերագույն զինվորագրյալը եւ առաջին սպասավորը, որի մասին Եբրայեցիների թղթում ասվում է. «Ոչ եթէ անձամբ ոք առնու պատիւ, այլ կոչեցեալն Աստուծոյ»: Վսեմ ու նվիրական բարձրագույն այդ կոչումն իրականում ծանր ու դժուարակիր է: Խոսել ու գործել Աստծո անունով, Աստծո ամենատես աչքի խորաքնին հայացքի ներքո, Երկնային տիրոջը հաշվետու լինելու պարտավորությամբ: Հայրապետն աստվածային սիրո թարգմանն է, իր խոսքով, վարքով եւ գործով Քրիստոսի պատկերն արտացոլող հայելին: Եթե սովորական մահկանացուի համար դա գրեթե անկարելի է, ապա օծյալին տրվում է որպես կենսակերպ:
Հայոց պատմության մեջ դրվատանքով են հիշատակված այն կաթողիկոսները, ովքեր ազգի ու եկեղեցու հանդեպ ունեցած իրենց բարձրագույն պարտքը հավելումով են կատարել: Զգալով իր բարձրագույն պարտքի լրջությունն ու պատասխանատվությունը` նորաօծ Հայրապետն ասել է. «Մենք ենք այսօր կրում պատիվն ու պատասխանատվությունը` իրականացնելու մեր Եկեղեցու առաքելությունը, եւ թե որքան նախանձախնդրություն, որքան նվիրում ու սեր կներդնենք մեր ծառայության մեջ, դրանով պայմանավորված կլինի հաջողությունը մեր առաքելության»:
Գարեգին Երկրորդը` որպես առաջին ճանապարհորդ, ազգի աջակցությունն ունի իրեն դեպի աստուածամերձ բարձունքներն առաջնորդելու: Նորին Սրբությունը քաջածանոթ է իր ժողովրդին եւ ճանաչված նրա կողմից: Եվ ինչպես Հիսուս Քրիստոս է ասում. «Ճանաչեմ զիմսն եւ ճանաչիմ յիմոցն»:
Բարձրյալն Աստծո կամոք 132-րդ հայոց կաթողիկոսին տրվեց շնորհը գահակալելու հայ ժողովրդի պատմության բարեպատեհ եւ հույժ կարեւոր ժամանակի մեջ: Այդ մասին Հայրապետական իր անդրանիկ կոնդակում գրում է. «Արարատի մաքուր հայեացքի դիմաց Եռագոյնի վեհատեսիլ նոր ծածանումով Հայոց Ոստանում վերստին պատմական յուսառատ օրեր է ապրում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռը` 1700-ամեայ յիշողութեամբ, աշխարհասփիւռ մեր ժողովրդին ի հոգեւորս միաւորելու նուիրական առաքելութեամբ»:
Գարեգին Երկրորդը` որպես երախտագետ ուխտավոր սուրբ օծման ու ձեռնադրության արարողակարգից հետո այցելում է Սբ. Մաշտոցի շիրմին` աղոթք վերառաքելու ստանձնած մեծ գործի հաջողությանց համար: Դրանով Նորին Սրբությունն արտահայտում է իր աներկբա կողմնորոշումը` բնույթով ազգային եկեղեցին վերարթնացնելու գերնպատակը: Առաջին ուխտագնացությունը Վեհափառին ներշնչում է ոսկեդարյան ավանդությանց վրա բնույթով ազգային դարձած Սուրբ եկեղեցին նորոգ բարեզարդելու գաղափարներով: Այդ ներշնչանքից հզոր թափ են ստանում դեռեւս Արարատյան Հայրապետական թեմում սկսած գործերը` Սեւանի Վազգենյան դպրանոց, հայորդյաց տներ, կրթադաստիարակչական ծրագրեր:
Հայրապետական թեմի բարեջան փոխանորդը Սեւանի մենաստանում հիմնադրած հոգեւոր դպրանոցը վազգենյան է կոչում, քանի որ իր հոգու վրա Վազգեն Առաջինի դրոշմն ունի: Դրանով Հայոց Հայրապետն արտահայտում է նաեւ իր երախտագիտությունը հարազատ ուսուցչի հանդեպ:
Վեհափառի գործունեության խտապատկերը հետեւյալն է. ավետարանական ճշմարտությունների` Քրիստոսի Կենաց Խոսքի լայնածավալ քարոզչություն, հայ եկեղեցու առաքելության կարեւորում պետական կառավարման եւ օրեսնդրական դաշտում եւ հանրային գիտակցության մեջ, անմիջական մասնակցություն ազգային-հոգեւոր անվտանգության գերխնդիրներին, հովվապետական հոգենորոգ գործունեություն, միջեկեղեցական հարաբերությունների աշխուժացում` «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս, սէր յամենայնի» սկզբունքով, հոգեւոր-կրթական համակարգի բարելավում ու նորացում, հոգեւորականների նոր սերնդի` մեր ժամանակներին հարիր դաստիարակություն, եկեղեցական կառույցների վերակազմավորում, համայնքային ծխական կյանքի արմատական վերակազմակերպման գործընթաց, համազգային եւ հայաստանյան տարբեր կառույցների հետ ներդաշնակ փոխըմբռնում, Մայր Աթոռ-թեմեր կապի ամրապնդում, բարերարների օժանդակությամբ եկեղեցաշինության աննախադեպ թափ, Աստծո տների, աղոթատեղիների ու սրբավայրերի կառուցում, բարեզարդում ու վերակառուցում, Մայր Աթոռի տարածքի անճանաչելի ընդարձակում, ապագային միտված շինարարական աշխատանքներ, երիտասարդական ուժերի համախմբում հայ եկեղեցու հովանու ներքո, հոգեւոր գրահրատարակչություն եւ այլն, եւ այլն:
Տասնամյա ծիրով պարփակված այս բազմաբնույթ գործունեությունը ներկայնում է երկու հիմնական նպատակամղումով. նախ` հայ մարդու հոգեկերտում` խարսխված սրբազան ավանդության, մեր հայրերի լույս հավատքի հիմքի վրա, հավատքի ամրակայման ջանադրություն եւ ազգապահպան գործունեություն. եւ ապա` սրան համընթաց` հոգենորոգ զավակաց Աստծու հետ հաղորդակցվելու աղոթատների կառուցում, աստվածամերձ կամարների ներքո նրանց ի մի բերելու հանձնառություն:
Սիրելի° հայորդիք,
Մարդկային հարաբերություններում Նորին Սրբությունը հաղորդական է, ջերմ, անկեղծ հաղորդակցությամբ հոգեւոր կամուրջներ է կառուցել մարդուց մարդ, սրտից սիրտ եւ մտքից միտք` Աստծո շունչը հաղորդելով հոգուց հոգի: Մեր հայրապետն իր բացառիկ աշխատասիրությամբ, անդուլ ու անհանգիստ գործունեությամբ, դժվարին աշխատանքի հանդեպ աներկյուղ կամքով, ուժականությամբ, նախանձախնդրությամբ, ներքին մղումով, անսպառ էներգիայով իրագործում է իր առաքելությունը: Հայության վերածաղկումը, հոգեւոր ու պետական առումներով` հայրապետի տեսիլքն է` խարսխված ազգային եւ եկեղեցական հիմքի վրա, որոնց ծառայում է ինքնամոռաց նվիրումով: Նա Տիրոջ մշտարթուն տնտեսն է` հայոց այգում, եւ ջանում է, որ բարիքը միշտ ավելանա եւ չպակասի: Մեր հայրապետը ճիգ եւ ջանք չի խնայում Հայ Եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու եւ արթուն աչքով վերահսկում է, կարգ ու կանոն հաստատում, անձամբ համակարգում գործունեության բոլոր ոլորտները: Իր տեսլականը ակնհայտորեն հզոր Եկեղեցի ունենալն է` առաքելության լիակատար շնչառությամբ:
21 դարի մարտահրավերներին դիմակայելու համար Գարեգին Երկրորդը պայքարում է հանուն ազգային ինքնագիտակցության ամրակայման եւ ջանում է կատարել ամեն հնարավորը, որպեսզի Հայոց աշխարհի հոգեւոր ժառանգությունը դառնա այսօրվա հայության կյանքի անկապտելի մասը:
Այդ մարտահրավերները վտանգալից են ոչ միայն ազգային արժեքների, այլեւ նրա հոգեւոր անկորնչելի մասը կազմող եկեղեցու համար: Ժողովրդական ավանդույթը, ազգային բարոյականությունն աննկատելիորեն ընկրկում են սպառողական հոգեբանություն ծնող հարմարվողականությունից: Երբեմն անհատը նոր որակի ազատության է ձգտում` իրեն հաշվետու զգալով միայն օրենքի առջեւ` հաճախ անտեսելով մեղքի զգացումն ու գիտակցումը, խիղճն ու բարոյականությունը, հոգեւոր հարստությունը, հավատքը: Ազգային արժեքներին, ավանդական ընտանիքի հիմքերին սպառնացող մտայնությունների դեմ իր արգելափակոցն է պարզել Հայ եկեղեցին` ի գլուխ ունենալով Հայոց Հայրապետին, եւ իր հոգեւոր ջրտուքով, ծխական կյանքի աշխուժացումով դիմակայում է դարի մարտահրավերներին: Նորին Սրբությունը` որպես աշխարհասփյուռ հայության ընդհանրական հովվապետ, անցյալից վերընձյուղում է նորը` Էջմիածնի լույս ջահով լուսավորելով մեր ժողովրդի հոգեւոր-իմացական անդաստանը: Տասը տարի շարունակ Վեհափառ Հայրապետը մշտանորոգում է Լուսավորչի անշեջ կանթեղի յուղը` բորբոք պահելով Լուսավորչյան հավատքը: Գարեգին Երկրորդը հիրավի մեր ժամանակների ճշմարիտ Հովվապետն է, ով կարողանում է այդ կանթեղի լույսով համախմբել Հայկի զավակներին ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի: Այդ լույսով համախումբ` հաղթահարելի են մեզ համար հարաբերապաշտության ներկա մարտահրավերները:
Ազգովի միակամ, պատասխանատվության բարձր զգացումով խմբվենք Մայր եկեղեցու շուրջը` Գարեգին Երկրորդի հայրական օրհնությունն ստանալու եւ Բարձրյալի բարեհաճությանը արժանանալու համար: Սատարենք Հայոց Հայրապետին, աղոթենք նրա համար եւ ցանկանք անսպառ ուժ եւ զորություն` դարերի ալեբախություններին դիմակայած մեր ինքնության նավը իմաստնությամբ եւ խաղաղությամբ առաջնորդելու համար:
Շնորհք, սէր եւ օրհնութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանդ. Ամէն»:
Ոգեշունչ խոսքի ավարտին Նավասարդ արքեպիսկոպոսն Արարատյան Հայրապետական թեմի անունից Նորին Սրբությանն ընծայաբերեց 1805թ., Դավիթ Ե Էնեգեթցի Կաթողիկոսի օրոք, Կոստանդնուպոլսում հրատարակված մեծադիր Ավետարան, որ շքեղ կազմվել էր Նավասարդ Սրբազանի, տեր եւ տիկին Աշոտ եւ Շուշան Սուքիասյանների նախաձեռնությամբ:
Հայրապետական մաղթանքի արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, թեմական ներկայացուցչական ժողովի մասնակիցները, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը եւ բարեպաշտ այլ հայորդիներ: