Հայրապետական կոնդակ Կոտայքի մարզպետին
Հունիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանին եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը մարզպետին հանձնեց` ի գնահատություն Հայոց Եկեղեցուն մատուցած իր ծառայությունների եւ թեմակալ առաջնորդի խնդրանքին ընդառաջ` մայիս 9-ին նրան շնորհված «Սբ. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի Հայրապետական կոնդակը: Տիար Շահգալդյանի հովանավորությամբ վերանորոգվել եւ բարեզարդվել էր Ալափարս գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին:
«Գոհունակություն է Մեզ համար գնահատանքի Մեր խոսքը բերել Ձեզ, որ բարի գործերով հաստատում եք Ձեր հավատն առ Աստված եւ սերը` հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Դուք ազնիվ հոգով ստանձնեցիք Կոտայքի մարզի Ալափարս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգության ու բարեզարդման հովանավորությունը, կարեւոր ավանդ բերելով ինչպես Ալափարս, այնպես եւ հարակից գյուղերում հոգեւոր կյանքի վերազարթոնքին: Գոհունակություն է Մեզ համար, որ հավատավոր Մեր զավակները այսուհետ նորոգված սրբավայրի կամարների ներքո պիտի փառաբանական իրենց աղոթքը բարձրացնեն առ Աստված եւ շնորհընկալը դառնան երկնային պարգեւների»,- ասվում է Հայրապետական սրբատառ կոնդակում:
Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի բարեխոսությամբ պարգեւի տիար Շահգալդյանին քաջառողջ արեւշատություն եւ եկեղեցաշեն ու ազգօգուտ գործոց նորանոր հաջողություններ: Մեծարգո մարզպետը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի օգտակարություն բերելու եւ աջակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: