Հայրապետական Սրբատառ կոնդակ 1918 թ. մայիսյան հերոսամարտերի 90-ամյա հոբելյանի առիթով
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Մայիսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեծ շուքով նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Սուրբ Պատարագի ընթացքում, «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո, հանդիսավորապես Ավագ Սուրբ Խորան բարձրացվեց 1918թ. մայիսյան հերոսամարտերի 90-ամյա հոբելյանին նվիրված Հայրապետական Սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Կոնդակի ընթերցումից հետո կատարվեց հոգեհանգիստ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի 1918թ. մայիսյան հերոսամարտերում զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար:
Պատարագի սրբազան արարողության ավարտին կատարվեց մաղթանք Սուրբ Էջմիածնի` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության եւ Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արեւշատության համար:
Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամներ, ՀՀ կառավարական հանձնախմբի անդամներ, բազմաթիվ հյուրեր եւ ուխտավոր հավատացյալներ:
Ստորեւ ներկայացվում է Հայրապետական կոնդակն ամբողջությամբ:
* * *
ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ«
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ«
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ« ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ«
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ« ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ« ՎԱՐԴԱՊԵՏԱՑ« ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ«
ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ« ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ
«... Ապրեցան ի բերանոյ սրոյ. զաւրացան ի տկարութենէ.
եղեն զօրաւորք ի պատերազմի. առին զբանակս օտարաց»
(Եբր. 11.34):
Աստվածակառույց մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից գոհության աղոթքով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս աշխարհի սիրեցյալ մեր ժողովրդին` Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի 1918 թ. մայիսյան հերոսամարտերի 90-ամյա հոբելյանի առիթով:
Տոնում ենք մեր ժողովրդի պանծալի հաղթանակը հայրենի հողի վրա ազատ ապրելու իր իրավունքին, իր գոյությանը սպառնացող բռնության հանդեպ, հաղթանակը` մեր ժողովրդի հավատավոր հոգու եւ խիզախումի: Երախտազգաց հոգով այսօր ոգեկոչում ենք անմահ հիշատակը անվարան նվիրումով մարտի ելած ու հաղթանակած մեր քաջարի զինվորների եւ զորահրամանատարների, հոգեւորականների եւ աշխարհազորայինների, որ «... ապրեցան ի բերանոյ սրոյ. զաւրացան ի տկարութենէ. եղեն զօրաւորք ի պատերազմի. առին զբանակս օտարաց»:
Արդար էր մեր ժողովրդի պայքարը: Արեւմտյան Հայաստանը հայաթափելուց հետո, թուրքական բանակները ներխուժել էին Արեւելյան Հայաստան: Օրհասական ժամի ահազանգով հնչում էին Սուրբ Էջմիածնի եւ բոլոր եկեղեցիների զանգերը` երկինք բարձրացնելով աղոթքը Գեւորգ Ե Սուրենյանց Հայոց Հայրապետի. «Տէր, օգնէ իմ զավակներին, որ յաղթեն թշնամուն»: Վերադասավորվում էին հայոց փոքրաթիվ զորամիավորումները, ժողովուրդը շտապում էր համալրել զորագնդերի շարքերը: Հույսը Աստված, ապավինած իր սակավ ուժերին, գերակշռող նվաճողների դեմ կենաց եւ մահու պայքարի էր գնում մեր ժողովուրդը: Երկյուղ չունեին մահից, մահեր շատ էին տեսել: Մահն էր երկնչում եղեռնահար, տնավեր ժողովրդից, քաղցած, անզեն ժողովրդից, որի հոգին, սակայն, կենսունակ էր արդարության հավատով ու ազատության սիրով, արարման ձգտումով եւ իր կյանքը կառուցելու աներեր հույսով:
Ամեն հոգում արձագանքում էին Հայրենիքը փրկելու կոչերը Հայոց Հայրապետի, գեներալներ Մովսես Սիլիկյանի, Թովմաս Նազարբեկյանի: Ամեն հոգում արիություն ոգեշնչող պատգամն էր Գեւորգ Ե Հայոց Կաթողիկոսի. «Ասացէք հայ բանակին, թէ ես տեղիցս չեմ շարժւում: Ես չեմ թողնում Սուրբ Էջմիածինը: ... ինչպէս Մեծ Վարդանը Քրիստոսի անունով յաղթեց Տղմուտի ափին եւ ընկաւ հերոսաբար, նոյնպէս եւ դուք այսօր պէտք է յաղթէք: ... մենք ոչ ոք չունենք մեր կողքին, բացի Քրիստոսից, որը մեր միակ ուժն է եւ մեզ օրհնում է»: Գոտեպնդված ճշմարտությամբ, հանդերձավորված արդարության զրահով, առած հավատի վահանը, փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծո Խոսքը (հմմտ. Եփես. 6.14-17), մեր ժողովուրդը սուրբ Վարդանանց ու Ղեւոնդյանց անպարտելի ոգով Ավարայրի սուրը կրկին պարզեց գոյության ու ազատության պայքարում: Մայիսյան տասնօրյա մարտերի արդյունքում փրկվեց Արեւելյան Հայաստանը, որի տարածքում այդ հերոսական օրերին ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը: Ամենածանր պայմաններում, գրեթե միշտ գտնվելով պատերազմական իրավիճակում, շրջափակման մեջ, Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ եղավ երկրի շենացմանը, պետականության կառուցմանը եւ ունեցավ ձեռքբերումներ, որոնք Հանրապետության կարճատեւ գոյությունից հետո էլ ծառայեցին մեր ժողովրդին: Հիրավի, անտեղի չեն լինում, չեն կորչում անհետ արդար ջանքերն ու նվիրումը: Աստծո օրհնությամբ ինչը տկար էր, զորավոր դարձավ, ինչը սակավ էր, բազմապատկվեց: Մեր ժողովուրդը վերածնվեց, բարձրացրեց իր նոր կյանքը Հայաստանում եւ Սփյուռքում, ճանաչվեց աշխարհում իր ձեռքբերումներով, հռչակավոր գիտնականներով, անվանի արվեստագետներով, իր ստեղծագործ, տաղանդաշատ հոգով: Մենք, եւ սերնդեսերունդ մեր զավակները գնահատանքով եւ արժանի մեծարումով են հիշելու դժվարին իրավիճակում ապրած ու գործած պետական, ռազմական գործիչներին, հոգեւորականներին, մտավորականներին, ազգային ազատագրական պայքարի նվիրյալ ֆիդայիներին եւ փառք են մատուցելու ժողովրդին մեր արիասիրտ, որ աղետալի իր ժամանակը դարձրեց հերոսական ու հաղթական եւ նոր սկիզբը դրեց իր ազգային պետական կյանքի կառուցման: Արդարեւ, «... Ապրեցան ի բերանոյ սրոյ. զաւրացան ի տկարութենէ. եղեն զօրաւորք ի պատերազմի»:
Սիրելի հավատավոր ժողովուրդ հայոց, այսօր մայիսյան հերոսամարտերի
90-ամյա հոբելյանը մենք տոնում ենք Հայաստանի անկախ պետականությամբ, Արցախի ազատագրությամբ, Հայ Սփյուռքում վերազարթյալ կյանքով եւ վերազարթյալ հույսերով` Կամոք եւ օգնությամբ Աստծո իրագործելու մեր իղձերը, հաղթանակած տեսնելու մեր ժողովրդի արդար իրավունքները:
90 տարի առաջ, այն վճռորոշ օրերին մայիսյան հերոսամարտերը Հայրենիքը փրկելու սխրանք էին, այսօր` Հայրենյաց սիրով ապրելու, Հայրենիքով համախմբված մնալու հրավեր: Մայիսյան հերոսամարտերը միաբանության ոգու պատգամ են մեր ժողովրդին: Միասնաբար, եկեղեցասեր ու հայրենասեր ոգով պիտի հաղթահարենք այսօրվա դժվարություններն ու խնդիրները` պատմությունը մեզ ուսուցիչ ունենալով, եւ միշտ առաջնորդվելով մեր ժողովրդի լուսավոր գալիքի տեսիլքով: Արարատի ազատ հայացքի ներքո պիտի ծաղկի մեր Հայրենիքը, հզորանա, բարգավաճի, խաղաղ կյանքի խնդությամբ ապրի աշխարհասփյուռ իր բոլոր զավակների հետ: Այս հավատով, միշտ Աստծո հետ հավատարիմ ընթացքով մեր ջանքերը համախմբենք, մեր նվիրումը զորացնենք` հավելելու համար այն հաջողություններն ու հաղթանակները, որ զոհողությունների գնով, անլուր դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարելով ձեռք է բերել մեր ժողովուրդը, եւ որոնց պարծանքն ու քաջալերությունը միշտ պիտի ուղեկցեն հայոց կյանքին:
Թող անմար լինեն մեր կյանքում հայրենյաց փառքերը, հավատավոր հոգու լույսն ու զորությունը, արդար ու բարի գործերի պարծանքը` ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Եկեղեցու, ի բարօրություն մեր Հայրենիքի ու ժողովրդի: Թող Բարձրյալի խաղաղության եւ արդարության շնորհների ներքո դեպի բարեբեր հանգրվաններ առաջնորդվի աշխարհը համայն եւ մեր Հայրենին:
Շնորհք, սէր եւ ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան. ամէն:
Օրհնությամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Տուաւ Կոնդակս ի 12-ն Մայիսի
յամի Տեառն 2008 եւ ի թուին հայոց ՌՆԾԷ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 469