Հայրապետական Սուրբ պատարագ աթոռանիստ եկեղեցում
Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ եկեղեցում:
Հայրապետական պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, Նորին Սրբությանն ուղեկից շքախմբի անդամները, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, Թուրքիայում ՀՀ ներկայացուցիչ տիար Կարեն Միրզոյանը եւ հարյուրավոր հավատավոր հայորդիներ:
Պատարագի ընթացքում առընթերականեր էին ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արք. Պարսամյանը եւ ԱՄՆ Արեւելյան թեմի միջեկեղեցական գրասենյակի պատասխանատու, ԱՄՆ Եկեղեցիների Ազգային խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Վիգեն եպս. Այքազյանը:
Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքին Վեհափառ Հայրապետը «Ես կենդանի եմ, եւ դուք կենդանի եք լինելու» բնաբանով Հայրապետական իր պատգամն ուղղեց ներկա ժողովրդին: Նորին Սրբությունը փառք եւ գոհություն մատուցեց Բարձրյալ Աստծուն, որ Իր բարերար Կամքով պարգեւեց իրեն շնորհը` Հովվապետական անդրանիկ այցելությունը կատարելու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն եւ աղոթաբույր ու նվիրական Մայր Եկեղեցու կամարների ներքո աղոթք բարձրացնելու երկինք Ամենապատիվ Պատրիարքի եւ հավատավոր սիրելի ժողովրդի հետ:
«Կենդանի է Քրիստոս, եւ` բոլոր նրանք, ովքեր կհավատան Նրան` մեզ համար խաչյալ, թաղյալ եւ երրորդ օրը հարուցյալ Փրկչին աշխարհի: Այսպես ուսանեց մեր ժողովուրդը: Այս հավատով հայրենի հողին կառուցեց Լուսավորչատեսիլ Սուրբ Էջմիածինը, իբրեւ երկնային շնորհ ընդունեց Մաշտոցյան գրերը, հաստատվեց քրիստոնեական իր ինքնության մեջ, ու երբ ժամն հնչեց` հանձն առավ հանուն հավատի մահն իմացյալ եւ ապրեց ու ստեղծեց Աստծո հետ:
Արդարեւ, առանց Աստծո չուզեց ապրել մեր ժողովուրդը: Վկայությունը այդ հոգեղեն ու ոգեղեն իրողության ամենավավերական կերպով մատուցում է նաեւ վեցդարյա պատմությունը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության: Անմահ են անունները մեծագործ Պատրիարքների, ովքեր անձնուրաց հոգացին իրենց վստահված ժողովրդի համար, պահպանեցին, աճեցրին ու զորացրեցին հավատի լույսով եւ իրենց շնորհաշատ մտքի ու հավատավոր հոգու ազնիվ արգասիքները փոխանցեցին սերունդներին: Անմահ են արվեստի, կրթության ու գիտության գործիչների անունները, գործն ու ավանդը նրանց, հավատով ստեղծած արժեքները, որ գծագրում են մեր ժողովրդի պատմության մեջ լուսավորության լայն ուղի, արարումի ու առաջընթացի տեսլական ճանապարհ: Հավատի ուժով լուսավորության ջահակիր է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը: Ձեզ հետ այս օրերի ընթացքում մեկ անգամ եւս ունեցանք ապրումը, որ մեր ժողովուրդը իր հոգեւոր ներաշխարհի խորքերում կրում ու պահպանում է մշտանորոգ կյանքի խորհուրդը: Նույնիսկ Մեծ Եղեռնը չմարեց այդ խորհուրդը, երբ թվում էր, թե կյանքը կանգ պիտի առնի Պատրիարքության սահմաններում: Հավատով կենդանի հոգին մեր ժողովրդի փորձությունների մեջ գտավ զորությունը վերածնվելու եւ ապրելու, բարիք ստեղծելու ու դեպի բարին ձգտելու: Մեր հայրերից իբրեւ ամենամեծ ժառանգություն ստացած հավատն առ Աստված, առ Տերը մեր Հիսուս Քրիստոս, դուք, սիրելիներ, եւ ձեր ծնողները պահպանեցիք ու խնամեցիք ձեր հոգիներում` դարձնելով սեր միմյանց հանդեպ, գործ միմյանց համար ու պայծառություն` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն:
...Փառք, Քեզ, Տեր, որ առաջնորդեցիր Մեր քայլերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, եւ ականատեսը դարձանք ազգային ու եկեղեցական ծաղկուն կյանքին ու հավատավոր ու ավանդապահ ոգուն մեր ժողովրդի: Եկանք մեր հավատքի նվիրական օրրան ու կենտրոնից, որպեսզի միասին` Հայրապետ եւ ժողովուրդ, մեր սուրբ հայրերի հիշատակով, պատգամով ու ավանդով, մեր միասնական աղոթքով այս Սուրբ եկեղեցու կամարների ներքո վկայենք, որ ազգս հայոց հաստատուն ու անսասան է Աստծո հետ իր ուխտին: Հավատարիմ է իր հայրերի Սուրբ ժառանգությանը` միաբանության ուխտով Սուրբ Էջմիածնի», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց պոլսահայությանը զորացյալ պահպանել իրենց հավատքի կյանքը, նույն նվիրումով ու սիրով շենացնել ու պայծառացնել եկեղեցական եւ ազգային հաստատությունները: Նորին Սրբությունը շնորհակալական իր խոսքն ուղղեց Սրբազան Պատրիարքին եւ Կրոնական Խորհրդի անդամներին այն ջերմագին ընդունելության համար, որ կազմակերպվեց Հովվապետական այցի օրերին: Վեհափառն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ուխտապահ հոգեւոր դասին, եկեղեցական պատվարժան վարչականներին, դպրաց դասին, ազգային կառույցների ու միությունների, բարեգործական հաստատությունների ծառայասեր պատասխանատուներին ու բարեջան անդամներին, կրթության ու մշակութի շնորհալի գործիչներին, հայ մամուլի ներկայացուցիչներին` հայրերի սուրբ ժառանգությանը, հայրենական արժեքներին հավատարմության համար, արի ու անսակարկ նվիրումի համար:
Հայրապետական իր պատգամից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ամենապատիվ Մեսրոպ Պատրիարքին շնորհեց երկու պանակե եւ լանջախաչ Սուրբ Էջմիածնից ի գնահատություն Կ.Պոլսի Հայոց Պատրիարքի երկարամյա նվիրյալ ծառայության:
Հավարտ Սուրբ Պատարագի Պատրիարքարանում ի պատիվ Նորին Սրբության տեղի ունեցավ ընդունելություն, հընթացս որի Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր գնահատանքը հայտնեց Հայրապետական այցի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետին եւ անդամներին այցի կազմակերպման գործում իրենց նվիրյալ ջանքերի համար: