«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադա Մայր Աթոռում
Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի ու Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, տեղի ունեցավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը:
2013-2014 ուսումնական տարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի տարածաշրջանային և մարզային փուլերը հաղթահարել և հանրապետական փուլ էին ներկայացել ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների 114 աշակերտներ:
Նույն օրը` մրցույթի արդյունքների ամփոփումից հետո, Օլիմպիադայի հաղթողները Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական փուլի հանձնաժողովի նախագահ Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանի և հանձնաժողովի անդամների կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, գովասանագրերով ու մրցանակներով: