Հայոց Սուրբ Պատարագ մատուցվեց Սիբիուում
Սեպտեմբերի 8-ին Սիբիուի քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում հանդիսապետությամբ Ռումինիայի եւ Բուլղարիայի հայոց թեմերի բարեջան առաջնորդ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի եւ մասնակցությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական պատվիրակության մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Սուրբ Պատարագի ընթացքին ներկա հավատացյալներին, համագումարի մասնակիցներին ողջունեց Տիրայր արքեպիսկոպոսը` ներկայացնելով Հայ Եկեղեցու առաքելությունը հայոց կյանքում եւ Ռումինիայի Հայոց թեմի պատմությունը: Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձավ քրիստոնյայի կյանքում լույսի խորհրդին:
Սուրբ Պատարագի ավարտին հայոց պատվիրակությունը մասնակցեց պլենար նիստին, որին ներկայացվեցին երեք օրերի ընթացքին տարբեր թեմաների շուրջ ծավալված քննարկումների արդյունքները:
Համագումարն ընդունեց ուղերձ «Քրիստոսի լույսը շողում է ամենքի վրա» նշանաբանով:
Համաժողովն եզրափակվեց Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի նախագահ վեր. Ժան Արնոլդ դե Կլերմոնտի եւ Եվրոպայի կաթոլիկ եպիսկոպոսների խորհրդի նախագահ կարդինալ Պիտեր Էրդյոյի ամփոփիչ խոսքով: