Հայոց Մարդասիրական ճեմարանի 185-ամյակին նվիրված բուն միջոցառումը ճեմարանի հանդիսությունների սրահում

Նոյեմբերի 10-ին, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում կրկին ցնծություն եւ տոնախմբություն էր: Ճեմարանի հանդիսությունների սրահում պատմական կրթօջախի 185-ամյակի տոնակատարությունների շրջանակում տեղի ունեցավ գլխավոր միջոցառումը, որն սկսվեց «Տերունական աղոթքով» եւ Հնդկաստանի ու Հայաստանի օրհներգերով: Այնուհետեւ ճեմարանի վարչական տնօրեն Տիգրան սրկ. Բաղումյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը ճեմարանի հիմնադրման առիթով: Բարիգալստյան խոսքով հանդես եկավ ճեմարանի տնօրեն Տիար Ջեյմս Դայասը: Նա շնորհավորեց ամենքին հոբելյանի կապակցությամբ` անդրադառնալով ճեմարանի վերջին մեկ տարվա բուռն եւ նպատակասլաց գործունեությանը: Տնօրենը նաեւ իր ուրախությունն արտահայտեց, որ հոբելյանական միջոցառմանը մասնակցում է նաեւ Արեւմտյան Բենգալիայի նահանգապետ Տիար Գոպալկրիշնա Գանդին` վերջինիս հրավիրելով իր սրտի խոսքն ուղղելու ներկաներին: Նահանգապետն ընդգծեց, որ թե° հնդիկ եւ թե° հայ ժողովուրդները հին քաղաքակրթություն ունեցող ազգեր են եւ պատմականորեն միշտ էլ սերտ կապերի մեջ են եղել, եւ ուր էլ եղել է հայ մարդը, պատիվ է բերել այդ երկրին, որի ակնհայտ վկայությունն են Հայոց Եկեղեցին եւ Հայոց Մարդասիրական ճեմարանը: Տիար Գոպալկրիշնա Գանդին շնորհավորեց նաեւ ճեմարանի 185-ամյակի կապակցությամբ` հաջողություններ մաղթելով ճեմարանի ղեկավարությանն ու ճեմարանականներին:

Նահանգապետի ելույթից հետո ընթերցվեց Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիար Աշոտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը, ուր ՀՀ դեսպանը անդրադառնում էր հայ-հնդկական հարաբերություններին` ընդգծելով, որ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը միշտ յուրովսանն աջակից կլինի Մարդասիրական ճեմարանին եւ Կալկաթայի եկեղեցական խորհրդին:

Իր սրտի խոսքն ուղղեց ներկաներին նաեւ Կալկաթայի եկեղեցական վարչության ատենապետ Տիար Հայկ Սուքիասը: Նա շեշտեց, որ ուրախալի է տեսնել օրեցօր բարենորոգվող ճեմարանը` վստահեցնելով, որ եկեղեցական վարչությունը միշտ զորավիգ է լինելու ճեմարանի բարգավաճմանը:

Նախկին ճեմարանականների անունից ներկաներին ողջունեց Անգլիայից ժամանած Մարդասիրական ճեմարանի նախկին սան, Բրիտանական Գրադարանի Քրիստոնյա Արեւելք բաժանմունքի ղեկավար Տ. Ներսես ավ. քհն. Ներսեսյանը: Նա համառոտ անդրադարձավ ճեմարանի պատմությանը եւ ճեմարանականի իր կյանքի փորձառությանը` ուժ եւ կորով մաղթելով ներկա ղեկավարությանն այդքան պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Բուռն ծափողջյունների ներքո անցավ հանդիսության երկրորդ` գեղարվեստական մասը: Հետաքրքրական գրական-երաժշտական կոմպոզիցիա էր կազմակերպել ճեմարանի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Տիկին Գրետա Անդրեասյանը: Հայկական երաժշտության եւ պարի հնչողության ներքո ճեմարանականները ներկայացրեցին եւ անդրադարձան Հայոց Մարդասիրական ճեմարանի հիմնադրման պատմությանը, հայ մարդու անկոտրում կամքի եւ ոգու զորությանը` ուխտելով հավատարիմ մնալ ճեմարանի հիմնադիրների կտակին ու մեր նախնիների աներեր հավատքին: Ճեմարանի երաժշտության ուսուցիչ Տիար Վաչագան Թադեւոսյանի ղեկավարությամբ ճեմարանի երգչախումբը կատարեց հայ եւ արեւմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններից մի քանիսը, ինչպես նաեւ հնդկական ժողովրդական մեկ երգ: Ճեմարանականները նաեւ ասմունքեցին, ինչպես նաեւ ներկաներին զարմացրեցին հնդկական պարերի անզուգական կատարումներով:

Որպես նախկին ճեմարանական` իր սրտի խոսքն ասաց նաեւ Իրանից ժամանած Տիար Արարատ Եղիկյանը, որը վերջին տարիներին հաճախակի է այցելել ճեմարան: Նա շեշտեց, որ ուրախալի է տեսնել, թե ինչպես է անցնող տարում դրականորեն փոխվել ճեմարանը` իր զորկացությունը հայտնելով ճեմարանի ղեկավարներին:

Հանդիսության վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին հոբելյանական միջոցառմանը մասնակցության համար, անդրադարձավ ճեմարանի ներկայիս կացությանը` ընդգծելով, որ Մարդասիրական ճեմարանի դերակատարությունը կրթական հաստատություն լինելուց զատ վերածվել է առաքելության, քանզի նրա հայաշունչ ոգով է պայմանավորված հնդկահայ գաղութի ապագան:

Հանդիսությանը մասնակցում էին Կալկաթայում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսը, Կիպրոսի Հանրապետության պատվո հյուպատոսը, Կալկաթայի եկեղեցական վարչության անդամները, քրիստոնեական եկեղեցիների բաձրաստիճան հոգեւորականներ, հնդկահայեր, Իրանից ժամանած շուրջ 40 ուխտավորներ, նախկին ճեմարանականներ եւ բազմաթիվ հյուրեր:

Վերջում ճեմարանի բակում տեղի ունեցավ հյուրասիրություն: