«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադա

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի  հանրապետական  օլիմպիադա 29.04.2013
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադա

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 26-28-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Այն կազմակերպվել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից:
     Օլիմպիադայի հանձնաժողովին` նախագահությամբ ՔԴԿ տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի, անդամակցում էին ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտի, ՔԴԿ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի մասնագետներ և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ:
     2012-2013 ուսուսումնական տարում օլիմպիադայի  դպրոցական, տարածաշրջանային և  մարզային փուլերը հաղթահարեցին  ու հանրապետական փուլ ներկայացան  ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական  դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ  106 աշակերտներ:
     Օլիմպիադայի ավարտից հետո մասնակից աշակերտները Մայր Աթոռի միաբանների առաջնորդությամբ միասնաբար աղոթեցին Մայր Տաճարում, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:
    Արդյունքներն  ամփոփվեցին ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի Հայորդյաց տանը տեղի ունեցած  մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառման ընթացքում: Մրցանակները բաշխվեցին համապատասխանաբար 1-ին կարգ` 4 աշակերտ, 2-րդ կարգ` 8 աշակերտ, 3-րդ կարգ` 16 աշակերտներ, իսկ գովասանագրերի արժանացան` 26 աշակերտներ:    Առաջին կարգի մրցանակի արժանացան Գոռ Գալստյանը («Ֆոտոն» վարժարան, Շիրակի մարզ), Լուիզա Սարաֆյանը (Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց, Շիրակի մարզ), Տաթևիկ Սարգսյանը (Մեղրաձորի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ) և Դավիթ Գրիգորյանը (Խնձորեսկի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզ):