Հայորդյաց տան հիմնարկեք Վանաձորում

Հայորդյաց տան հիմնարկեք Վանաձորում 31.08.2007

Օգոստոսի 30-ին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Վանաձոր քաղաքի Հայորդյաց տան հիմնարկեքի արարողությունը:

Վեհափառ Հայրապետին Վանաձոր քաղաքի մատույցներում դիմավորեցին Գուգարաց թեմի հոգեւորականները եւ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները` գլխավորությամբ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի: Ապա Հայորդյաց տան մոտ Նորին Սրբությանը ողջունեցին հաստատության սաները եւ բազում վանաձորցիներ:

Աղ ու հացի ավանդական արարողությունից հետո եկեղեցականների թափորով Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ հայորդյաց տան բարերարներ տեր եւ տիկին Սարգիս եւ Հռութ Բեդեւյանները առաջնորդվեցին դեպի շինարարական հրապարակ: Մինչ հիմնարկեքի արարողության սկսելը մարզային ու քաղաքային իշխանությունների ու վանաձորցիների անունից Նորին Սրբությանը ողջունեց տիար Սամվել Դարբինյանը:

Հիմնարկեքի արարողության ավարտին օրհնության եւ գնահատանքի իր խոսքը ներկաներին ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Գեղեցիկ մի նվեր է, որ մատուցվում է այսօր բարերարների կողմից մեր սիրելի զավակներին ուսումնական նոր տարվա բացման նախաշեմին: Շնորհավորում ենք մեր սիրասուն զավակներին, ովքեր պիտի գան Հայորդյաց տուն ուսանելու, գան այստեղ իրենց անձերը կրթելու, որպեսզի արժանավոր զավակները լինեն մեր երկրի եւ կառուցեն կյանքի նոր օրը: ...Վանաձորի մանուկներն այստեղ պիտի հաղորդ դառնան մեր հայրերի սրբազան ժառանգությունը եւ պիտի լինեն հավատավոր զավակները Առաքելական մեր Մայր Եկեղեցու», - նշեց Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում:

«Մեր հավատացյալների շուրթերից աղոթք է երկինք վերառաքվում մեր նվիրյալ, ազնվահոգի բարերարների համար, ովքեր իրենց հայրենասիրության որպես գեղեցիկ դրսեւորում հայրենի հողի վրա վեր բարձրացրեցին գեղեցկակառույց եկեղեցին եւ այս հայորդյաց տունը», - ասաց Նորին Սրբությունը` իր գնահատանքը հայտնելով Հայորդյաց տան բարերարներ տեր եւ տիկին Սարգիս եւ Հռութ Բեդեւյաններին, որոնց ազնիվ հանձնառության շնորհիվ Վանաձորում արդեն երկու տարի առաջ կառուցվել եւ օծվել էր Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Գուգարաց թեմի բարեջան առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին նախանձախնդիր իր ծառայության համար, ինչպես նաեւ մարզպետին եւ քաղաքապետին Հայոց Եկեղեցու առաքելությանն իրենց աջակցության համար:

Ուրախալի այս առիթով Նորին Սրբությունն իր օրհնությունն ու շնորհավորանքները բերեց նաեւ Վանաձորի բնակիչներին` հորդորելով գոհություն մատուցել Աստծուն, որ Իր ողորմությունն ու սերը միշտ ուղեկից է դարձնում հայոց ազգին` պարգեւելով նման բարիքներ: 

Ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանն ընթերցեց Հայորդյաց տան կառուցման արձանագրությունը, որը տիար Սարգիս Բեդեւյանի կողմից զետեղվեց կառուցվող շենքի հիմերում:

Հ իմնարկեքի արարողությանը հաջորդեց Հայորդյաց սաների կողմից պատրաստված համերգային ծրագիրը, որի ավարտին Նորին Սրբությունը ծանոթացավ շինարարության ընթացքին եւ իր գնահատանքը հայտնեց շինարարներին ժրաջան եւ հետեւողական աշխատանքի համար:

Հիմնարկեքի արարողությանը ներկա էին նաեւ ԱՄՆ Արեւելյան Հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ազգային բարերարներ Հրաչ եւ Սյուզան Թուֆայանները, Մայր Աթոռի միաբաններ, ուխտավորներ եւ բազում հյուրեր: