Հայորդյաց տան բացում Վանաձորում
Սեպտեմբերի 23-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Հայ Եկեղեցու բարերարներ տեր եւ տիկին Սարգիս եւ Հռութ Բեդեւյանների, տեղի ունեցավ Վանաձոր քաղաքի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» Հայորդյաց տան բացման արարողությունը: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին` Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, միաբաններ Մայր Աթոռից:
Վեհափառ Հայրապետին Վանաձոր քաղաքի մուտքին դիմավորեցին Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որտեղից Հայրապետական շքախումբը եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները ուղղվեցին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցի, որը նույնպես կառուցվել է Բեդեւյան ընտանիքի բարերարությամբ: Այստեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն Բեդեւյան ընտանիքի ննջեցելոց հոգիների հանգստության համար:
Եկեղեցուց Նորին Սրբությունը մեկնեց «Սուրբ Գրիգոր Նարեկացի» Հայորդյաց տուն: Վանաձորի Հայորդյաց տան հիմնարկեքը կատարվել էր 2007 թ. օգոստոսի 30-ին: Բեդեւյան ամուսինների ազնիվ բարերարությամբ կառուցված կրթօջախի ճարտարապետն է Մարիամ Մովսիսյանը, շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ա. Հակոբյան» ՍՊԸ-ն:
Հայորդաց տան մուտքի մոտ Ամենայն Հայոց Հայրապետին, բարերարներին եւ բազմաթիվ հյուրերին ողջունեցին Հայորդյաց տան սաներն ու բազմաթիվ վանաձորցիներ: Փողային նվագախմբի երաժշտության եւ ծափահարությունների ներքո ազգային տարազներով մանուկները հյուրերին մատուցեցին ավանդական աղն ու հացը: Այնուհետեւ Նորին Սրբությունն ու տեր եւ տիկին Բեդեւյանները հատեցին մուտքի կարմիր ժապավենը: Վեհափառ Հայրապետն ու հյուրերը ծանոթացան շենքի պայմաններին, դիտեցին բարեգործական ճաշարանի մասնաբաժինը եւ մանկական խաղադաշտը:
Շրջայցից հետո Վեհափառ Հայրապետն եկեղեցական դասի հետ կատարեց նորաբաց Հայորդյաց տան օրհնության արարողությունը: Աղոթքին հաջորդեցին ողջույնի խոսքերը: Մանկավարժների եւ սաների անունից Նորին Սրբությանն ու բարերարներին երախտագիտության խոսքով դիմեց Հայորդյաց տների հոգեւոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Այնուհետեւ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, ողջունելով Վեհափառ Հայրապետին եւ բարերարներին, անդրադարձավ մանուկների կրթության ու դաստիարակության գործում նման կառույցի կարեւորությանը: Ձեռնարկի կարեւորությանն անդրադարձան նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը եւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին ու բարերարներին նմանօրինակ ազգօգուտ եւ հայրենանպաստ ծրագրերի իրականացման համար:
Հիշարժան օրվա առիթով ներկաներին իրենց ապրումներին հաղորդ դարձրեցին բարերարներ Սարգիս եւ Հռութ Բեդեւյանները: Տիկին Բեդեւյանն անդրադարձավ Վանաձորում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու եւ Հայորդյաց տան կառուցման գաղափարի մտահղացմանը` ուրախություն հայտնելով, որ այսօր այլեւս դրանք իրականության են կոչված: Իր խոսքում Սարգիս Բեդեւյանն երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` Հայորդյաց տների կարեւոր ծրագիրը տարիներ առաջ նախաձեռնելու եւ կյանքի կոչելու համար, ապա անդրադարձավ մանուկների եւ երիտասարդների նկատմամբ հոգացության անհրաժեշտությանը: Դիմելով նորաբաց հաստատության սաներին` տիար Բեդեւյանը հորդորեց. «Ուրախացե'ք, լա'վ պահեցեք եւ զարդի պես վայելեցե'ք այս տունը»:
Վերջում օրհնության եւ գնահատանքի իր խոսքը ներկաներին ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Ամենքս հոգու բերկրանքի մեջ ենք, որովհետեւ իր դռներն է բացել մի կառույց, ուր մեր զավակները պիտի մուտք գործեն, կրթվեն ու դաստիարակվեն: Եվ ինչպե°ս չուրախանանք. չէ, որ մենք ապրում ենք մեր զավակների համար, չէ որ մեր զավակները դժվարությունների մեջ մեզ ուժ ու ոգի են տալիս, որպեսզի մենք հարատեւենք, հաղթահարենք մեր կյանքի ճանապարհին ծառացող յուրաքանչյուր խոչընդոտ, մեզ հույս եւ հավատ են ներշնչում դեպի մեր վաղվա օրը», - նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում: Ապա դիմելով ծնողներին եւ մանկավարժներին Նորին Սրբությունը պատգամեց. «Տեսե'ք ձեր զավակների մեջ Աստծո պատկերը: Քրիստոսի պատգամն ունեցեք` զավակներին հոգ տանելու, նրանց կյանքի ճանապարհը հարթելու, որպեսզի որպես աստվածասեր զավակներ կերտեն մեր կյանքի երջանկությունը, Աստծո օրհնությունն իջեցնեն մեր կյանքից ներս»:
Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքն ու օրհնությունը բերեց տեր եւ տիկին Սարգիս եւ Հռութ Բեդեւյաններին, ովքեր իրենց արդար վաստակից մասնաբաժին են հանում մեր ժողովրդի զավակներին` Վանաձորի մանուկներին, մաղթեց նրանց Աստծո հանապազ զորակցություն եւ կենաց արեւշատություն:
Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը հայտնեց մարզպետին եւ քաղաքապետին ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաեւ ճարտարապետին ու շինարարներին` նախանձախնդիր եւ ջանադիր աշխատանքի համար:
Հայրապետական պատգամին հաջորդեց Վանաձորի «Ս. Գրիգոր Նարեկացի» հայորդյաց տան եւ Երեւանի Նորքի հայորդյաց տան սաների համերգային ծրագիրը, որի ավարտին մանուկները բարերարներին նվիրեցին իրենց ձեռագործ աշխատանքները: