«Հայկական Հաբիթաթի» կամավորները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սույն թվականի ապրիլի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ «Հաբիթաթ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության միջեւ ստորագրված համագործակցության համաձայնագրի արդյունքում սկիզբ առավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան «Կառուցենք հավատով» ծրագիրը, որի շրջանակներում «Հայկական Հաբիթաթը» այս տարվա ընթացքում կկառուցի 37 տներ կարիքավոր ընտանիքների համար: ԱՄՆ-ից ժամանած Եկեղեցիների Ազգային Խորհրդի անդամները` գլխավոր քարտուղար դոկտոր Բոբ Էդգարի առաջնորդությամբ, Միջազգային Հաբիթաթի ներկայացուցիչ դոկտոր Քեննեթ Բենսոնը, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրենների խորհրդի նախագահ Փոլ Էքելշոթը, միջազգային կամավորների այլ խմբեր կմիանան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի ներկայացուցիչներին եւ Մայր Աթոռի միաբաններին` սեպտեմբերի 5-9-ը ավարտին հասցնելու այս տարվա մայիսին Գեղարքունիքի Գավառ քաղաքում սկիզբ առած 24 բնակարաններից բաղկացած շենքի շինարարական աշխատանքները:
Սեպտեմբերի 3-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում տարբեր երկրներից ժամանած կամավորները մասնակցեցին Սուրբ Պատարագին:
Պատարագի ավարտին Վեհարանի հարկի ներքո տեղի ունեցավ ընդունելություն: «...Բարձրորեն գնահատում ենք «Հաբիթաթ»-ի նախաձեռնությունը Հայաստանում` Հայաստանի կարիքավորներին նեցուկ լինելու, օգտակար լինելու եւ նրանց օջախ եւ հարկ պարգեւելու: Շնորհակալ ենք, որ Հայաստանում իրագործվող այս ծրագիրը իրականացնում եք մեր անունով. սա մենք դիտում ենք որպես վառ արտահայտություն եղբայրական սիրո` հանդեպ մեր Եկեղեցին եւ մեր ժողովուրդը»,- նշեց Հայոց Հայրապետը` մաղթելով, որ Աստված հաջողություն պարգեւի «Հաբիթաթ»-ի բոլոր բարի իրագործումներին եւ ծրագրերին: Գարեգին Բ Կաթողիկոսը կոչեց ամենքին` իրենց աշխատանքով նպաստելու, որ աշխարհում քիչ լինեն կարիքավոր անձինք, եւ մարդիկ իրենց բարօր կյանքի գոհունակությամբ միշտ փառավորեն Տիրոջ անունը:
Շնորհակալական խոսքով Նորին Սրբությանը դիմեց նաեւ ԱՄՆ Եկեղեցիների Ազգային Խորհրդի գլխավոր քարտուղար դոկտոր Բոբ Էդգարը:
* * *
Սեպտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ » հյուրանոցում ժամը 15:00-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կկայանա «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կառուցենք հավատով» շինարարական ծրագրի բացման արարողությունը:
Ծրագրի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Գավառ նախատեսվում է սեպտեմբերի 5-ին: