Հայաստան ժամանեց Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքը
եպտեմբերի 27-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, Մյուռոնօրհնության տոնակատարությունների մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեց Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդողիմեոս Ա-ի գլխավորած պատվիրակությունը:
Տիեզերական պատրիարքին օդանավակայանում դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությանն ուղեկցում էին Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխատանու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Օդանավակայանից Կ. Պոլսի Տիեզերական Պատրիարքության պատվիրակությունը մեկնեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, ուր Նոր Նորքի հայորդյաց տան սաները Նորին Ամենասրբություն Բարդողիմեոս Ա-ին դիմավորեցին ավանդական աղ ու հացով:
Սեպտեմբերի 27-ին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում Տիեզերական պատրիարքը կմասնակցի Էկումենիկ աղոթքի արարողությանը, սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա կգտնվի Սուրբ Պատարագին, ապա 1700-ին` Մյուռոնօրհնության արարողությանը:
Սեպտեմբերի 29-ին նախատեսվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Տիեզերական Պատրիարքի հանդիպումը Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանի հետ: