Հայաստանյան Կլոր Սեղանի տարեկան ժողովը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան բարգործական միջեկեղեցական հիմնադրամի տարեկան հերթական ժողովը` մասնակցությամբ հիմնադրամի միջազգային եւ Հայաստանյան գործընկեր կազմակերպությունների եւ եկեղեցիների ներկայացուցիչների: Ժողովը նախագահում էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ժողովն սկսվեց Տերունական աղոթքով, ապա Սրբազան Հայրը ողջունեց ներկաներին եւ հաջողություն ու բարի ընթացք մաղթեց ժողովի աշխատանքներին:
Ապա ժողովի վերաբերյալ ներկաների հետ իր մտորումները կիսեց ՀԿՍ-ի գործադիր տնօրեն պրն. Կարեն Նազարյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին` հերթական տարեկան այդ ժողովին ներկա գտնվելու համար, ապա ներկայացրեց հիմնադրամի 2006-2007թթ. գործունեության հաշվետվությունը: Նա հույս հայտնեց, որ երկօրյա ժողովի ընթացքում համագործակցությունն ավելի կուռ, հստակ եւ էֆեկտիվ արդյունք կունենա: Նմանատիպ հանդիպումները ՀԿՍ-ի գործադիր տնօրենը հարմար առիթ նկատեց, որպեսզի քննարկվեն տարված եւ կատարվելիք աշխատանքներին վերաբերող կարեւոր հարցեր, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպությունները միմյանց ավելի լավ ճանաչեն, ինչը կարող է նպաստել հետագա աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:
Այնուհետ տարեկան հաշվետվության ներկայացումը շարունակեցին ՀԿՍ-ի գյուղատնտեսական ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը եւ կրթական ծրագրերի պատասխանատու Ծովինար Ղազարյանը: Ժողովականների ուշադրությանը հանձնվեց նաեւ հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունը:
Կեսօրին, հաշվետվության հանգամանալի քննարկումից հետո, Կլոր Սեղանի պաշտոնեությունը` գլխավորությամբ պրն. Նազարյանի, ներկայացրեց 2008թ. կատարվելիք աշխատանքների ուրվագիծը:
Ժողովն իր աշխատանքները կշարունակի նաեւ սեպտեմբեր 20-ին: