Հայաստանի Հանրապետության անխախության տոնը Հայոց Մարդասիրական ճեմարանում
Սեպտեմբերի 21-ին, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում, հանդիսավորապես նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակը: Ճեմարանի հանդիսությունների դահլիճում տոնական միջոցառումն սկսվեց միասնական «Տերունական աղոթքով», որին հաջորդեց ՀՀ օրհներգը: Այնուհետեւ աշակերտներին ողջունեց եւ օրվա առիթով շնորհավորեց ճեմարանի տնօրեն Ջեյմս Դայասը` անդրադառնալով անկախության հասկացության նշանակությանը յուրաքանչյուր ազգի կյանքում: Հայաստանի անկախության առիթով ներկաներին ուսանողության անունից ողջունեցին նաեւ ճեմարանականներ Սարինե Նիկողոսյանը եւ Արաբո Քեշիշյանը: Հանդիսությունը վարում էր Սիրանուշ Մուրադյանը:
ՀՀ անկախության ձեռքբերման պատմությանը եւ նրա նշանակությանը թեմայով բանախոսությամբ հանդես եկավ ճեմարանի հայ ժողովրդի պատմության ուսուցիչ Տիար Մարտիկ Սարգսյանը: Նա իր ոգեշունչ խոսքում հատկապես ընդգծեց, որ անկախությունը ձեռք է բերվել նվիրյալ հայորդիների արյան եւ մեր ժողովրդի հավաքական կամքի արտահայտման շնորհիվ, ուստի մեր պարտքն է պահպանել այն:
Երաժշտության ուսուցիչ Վաչագան Թադեւոսյանի ղեկավարությամբ ճեմարանի երգչախումբը կատարեց ազգային-հայրենասիրական երգեր, ճեմարանականները նաեւ ասմունքեցին եւ պարեցին: Հատկապես նշանակալից էր Մարդասիրական ճեմարանի սաների ոգեւորությունը եւ ազգային պատկանելիության բարձր գիտակցությունը բանաստեղծությունների արտասանման ժամանակ: Լինելով հայրենիքից հեռու` հայրենաշունչ բանաստեղծությունների միջոցով նրանք գովերգում էին դրախտավայր Հայոց աշխարհն ու երդվում, որ ամեն ինչ պետք է անեն իրենց լուման ունենալու Հայրենիքի շենացման եւ բարգավաճման սրբազան գործում:
ՀՀ անկախության առիթով իր սրտի խոսքն ասաց նաեւ ճեմարանի վարչական տնօրեն Տիգրան սրկ. Բաղումյանը` հորդորելով ամենքին հավատարիմ մնալ հայ մարդու ինքնությանը, մեր անկախ Հանրապետությանը, մեր մայրենի լեզվին եւ Հայոց Եկեղեցուն, որոնց շնորհիվ ենք մենք հայ կոչվում եւ գոյատեւում աշխարհում:
Մի քանի ճեմարանականներ նաեւ ընթերցեցին «Հայաստանի անխախությունն ինձ համար» թեմայով գրված շարադրությունները, որոնք ներկաների կողմից ջերմ ընդունելության արժանացան:
Հանդիսության ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկավ ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը: Շնորհավորելով ամենքին` Հայր Սուրբը զուգահեռներ անցկացրեց անկախության համար երկար ժամանակ պայքարած հնդիկ եւ հայ ժողովուրդների անցած ուղուն` ընդգծելով, որ Մայր Հայրենիքի անկախության պահպանումն ու բարգավաճումը կախված է մեզանից յուրաքանչյուրից: