Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների կատարվեց գոհաբանական մաղթանք Հայաստանի Հանրապետության համար:
Իջման Սուրբ Սեղանի առջեւ մեծաշուք հանդեսով հոգեւորականաց դասը աղոթք վերառաքեց առ Աստված Հայաստան աշխարհի համար: «...Արդ մենք ամենքս խոնարհվում ենք Քո առջեւ, Տեր Աստվա°ծ մեր, եւ հայցում Քո ամենառատ ողորմությունից, որպեսզի պահես ու պահպանես Հանրապետությունը Հայաստան աշխարհի խաղաղության, բարօրության եւ անսասանության մեջ: ...Օրհնի°ր բոլորին, որ Հանրապետության իշխանության ներքո են` եկեղեցականներին ու աշխարհականներին, մեծերին ու փոքրերին, տղամարդկանց ու կանանց եւ ողջ քո հավատացյալ ժողովրդին` պահելով նրանց Քո Ս. Աջի հովանու ներքո»,- ասվում է Հայրապետական աղոթքում, որ Նորին Սրբությունը ծնրադիր ընթերցեց մաղթանքի ընթացքին:
Ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց արարողությանը ներկա միաբաններին ու հավատացյալներին պանծալի տոնի առիթով: «Փառք ենք վերառաքում առ Աստված, որ Տերը մեր կյանքում իրականություն դարձրեց մեր ժողովրդի դարավոր երազը: Այսօր Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցիներում Հանրապետական մաղթանք է կատարվում` հայցով, որ Տերն անվրդով ու խաղաղ պահի Հայոց աշխարհը եւ մշտական, շարունակական բարգավաճման ու առաջընթացի մեջ:
...Թանկ ձեռք բերվեց ազատությունն ու անկախությունը մեր ժողովրդի, եւ մենք պիտի գիտնանք այդ արժեքը, այդ ձեռբերումն արժեւորել, պիտի գիտնանք գուրգուրանքով ու փայփայանքով պահպանել, սիրով ու նվիրով փարվել հայրենական մեր կյանքին եւ մեր ազնիվ աշխատանքով, մեր արդար քրտինքով կերտել մեր երազի Հայրենիքը` բարօրություն ապահովելով մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: