Համաշխարհային կոնֆերանս կրոնների եւ քաղաքակրթությունների միջեւ երկխոսության վերաբերյալ
Հոկտեմբերի 26-28-ը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում տեղի է ունենալուՀամաշխարհային կոնֆերանս կրոնների եւ քաղաքակրթությունների միջեւ երկխոսության վերաբերյալ` «Կրոնի եւ մշակույթի նպաստը խաղաղությանը, փոխադարձ հարգանքին եւ համակեցությանը»խորագրով:
Կոնֆերանսը կազմակերպվել է Մակեդոնիայի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից` համագործակցությամբ Կրոնական համայնքների հետ հարաբերությունների հանձնախմբի: Կոնֆերանսին աջակցություն են ցուցաբերել Մակեդոնիայի Հանրապետության կառավարությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Համաշխարհային Իսլամական Լիգան, ինչպես նաեւ «Կրոնները խաղաղության համար» համաշխարհային կազմակերպությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցուց կոնֆերանսին մասնակցում է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Կոնֆերանսի նպատակն է ցույց տալ, որ երկխոսության եւ ակտիվ գործունեության միջոցով աշխարհը կարող է մի այնպիսի վայր դառնալ, որտեղ ժողովուրդները կարող են մշակութային տեղեկատվություն փոխանակել, օգտագործել տարբերությունների ստեղծագործ ուժը եւ համագործակցել, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել կրոնական, ռասսայական եւ հասարակական խտրականությունը, ինչպես նաեւ շեշտել ազգային եւ կրոնական համակեցության կարեւորությունը: