«Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության պատվիրակությունը Մայր Աթոռում
Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին` ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Հանդիպմանը կազմակերպության նախագահ, Բիմսթերի (Նիդերլանդներ) քաղաքապետ Հարրի Բրինքմանը Նորին Սրբության ներկայացրեց կազմակերպության կողմից կատարվող աշխատանքները, ինչպես նաեւ ուրախություն հայտնեց Էջմիածին քաղաքի տոնի օրը Հայաստանում գտնվելու առիթով:
Ողջունելով կազմակերպության տնօրենների խորհրդի անդամների այցը հայոց հոգեւոր կենտրոն` Նորին Սրբությունը կարեւորեց կազմակերպության առաքելությունը` ի խնդիր պատմական քաղաքների հոգեւոր-մշակութային արժեքների պահպանության: Խոսելով Հայաստանի պատմամշակութային արժեքների մասին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում յուրահատուկ վերաբերմունք է դրսեւորել իր արժեքների նկատմամբ եւ, հակառակ դարերի ընթացքում կրած կորուստների ու ավերածությունների, ջանք չի խնայել վերականգնելու եւ նորոգելու իր սրբավայրերն ու պատմական հուշարձանները: Անդրադառնալով հարուստ պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցառումներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Եկեղեցին իր սուղ միջոցներով անում է հնարավորը` հայրերից ստացած ժառանգությունն անխաթար ու ամուր պահելու եւ այն նոր սերունդներին փոխանցելու համար:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը, ուրախություն հայտնելով Էջմիածին քաղաքի եւ կազմակերպության միջեւ ձեւավորված համագործակցության առիթով, վերստին իր գնահատանքը հայտնեց ներկաներին` համամարդկային արժեքների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության եւ հոգատարության համար: