Համակարգիչներ` «Էօռնեկյան» դպրոցի աշակերտներին
Հոկտեմբերի 3-ին «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը «ՆՈՒՌ» (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում XO համակարգիչներ բաժանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին եւ ուսուցիչներին, որով Հայաստանում մեկնարկեց արգենտինահայ բարերար Էդուարդո Էօռնեկյանի նախաձեռնած ծրագիրը:
Միջոցառումը բացվեց «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տնօրեն Յուրի Ջիլավյանի երախտագիտության խոսքով: Այնուհետեւ ներկաներին շնորհավորանքի խոսք ուղղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը` անդրադառնալով ծրագրի կարեւորությանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը ծրագրի կազմակերպիչներին փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանն իր խոսքում ընդգծեց, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում կազմակերպել կրթական գործընթացը ժամանակի պահանջներին համահունչ` թույլ տալով աշակերտներին զարգացնել համակարգչային գիտելիքները եւ այդ ճանապարհով լինել առավել տեղեկացված:
Ծրագրի մեկնարկի առիթով աշակերտներին, ծնողներին եւ ուսուցիչներին շնորհավորեց նաեւ «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը` հույս հայտնելով, որ բաշխված համակարգիչները կնպաստեն ուսման մակարդակի բարձրացմանը: