Հաղորդագրություն

2006 թ-ի նոյեմբերի 30-ին` ՄԻԱՎ.ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում տեղի ունեցավ սեմինար, որը կազմակերպել էին ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը եւ Գեւորգյան Ճեմարանի տեսչությունը` «Հոգեւորականների իրազեկության բարձրացում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիմնահարցերի վերաբերյալ» ծրագրի շրջանակներում:

Սեմինարին մասնակցում էին ճեմարանի առաջինից վեցերորդ լսարանների 127 սաներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության անդամներ, ներկայացուցիչներ Ռուս Ուղղափառ Եկեղեցուց: Սեմինարին ներկա էին նաեւ ՀԿՍ-ի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը եւ «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը:

Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ Հոգեշնորհ Տ. Սահակ վրդ. Մաշալյանի բացման եւ ողջույնի խոսքից հետո հանդես եկան Տեր Ղեւոնդ քհն. Մայիլյանը (Մայր Աթոռ Սբ. էջմիածնի Հրատարակչական բաժին), որը ներկայացրեց հոգեւորականի մոտեցումը ՄԻԱՎ վարակակիրներին, եւ Էդուարդ Հովհաննիսյանը (ՀՀ ԱՆ Հանրապետական ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն), որը ներկայացրեց հիմնախնդրի բժշկական մասը: Արագածոտնի թեմի Թալինի հոգեւոր հովիվ Տեր Ղեւոնդ քհն. Գափոյանը ներկաների հետ կիսվեց այդ ոլորտում իր ունեցած փորձով:

Ռուս Եկեղեցու ներկայացուցիչներից Հայր Սերգեյ Գոնչարովը ներկայացրեց Ոուսաստանում իր փորձն ու աշխատանքը ՄԻԱՎ վարակակիրների եւ թմրամոլների հետ: