Հաղորդագրություն

Սույն թվականի սեպտեմբերի 4-6-ը Իտալիայի Ասիզի քաղաքում տեղի ունեցավ միջկրոնական հանդիպում` կազմակերպված Ս. Էջիդիո համայնքի կողմից: Հանդիպումը կրում էր հետեւյալ խորագիրը. «Աշխարհի խաղաղության համար - Կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ»:

Հանդիպմանն իրենց մասնակցությունը բերեցին շուրջ 200 կրոնական առաջնորդներ աշխարհի տարբեր մասերից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցին` Մայր Աթոռ Ս. Էջմիածինն այդ հանդիպմանը ներկայացնում էր Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Գերաշնորհ Տ. Նորվան եպս. Զաքարյանը:

20 տարի առաջ` 1986 թ-ին, Հովհաննես Պողոս Բ Պապի նախաձեռնությամբ աշխարհի կրոնական առաջնորդները հավաքվեցին Ասիզիում` աղոթելու աշխարհի խաղաղությամբ համար: Այդ ժամանակից ի վեր Ս. Էջիդիո համայնքի ջանքերով այն դարձել է միջկրոնական հանդիպումների եւ աղոթքի վայր: Կրոնների միջեւ այս երկխոսությունը կամուրջ է հանդիսանում ժողովուրդների միջեւ` աշխարհում խաղաղություն հաստատելու հարցում: