Հաղորդագրություն

Սույն թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը, Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի է ունենալու Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նորընտիր Կենտրոնական Կոմիտեի առաջին նիստը:

Կենտրոնական կոմիտեն էկումենիկ համաշխարհային այս կառույցի ղեկավար մարմինն է, որը որոշումներ է կայացնում Խորհրդի անունից եւ ղեկավարում այն 7 տարին մեկ տեղի ունեցող համահավաքների միջեւ ընկած ժամանակահատվածում:

Նիստի ընթացքում կքննարկվեն Խորհրդի հաջորդ 7 տարիների գործունեության ծրագրերը եւ Խորհրդի կառուցվածքին առնչվող տարբեր հարցեր: Ժողովը խորհրդի աշխատանքներն արդյունավետ դարձնելու նպատակով խորհրդին կից կնշանակի նաեւ մի շարք խորհրդակցական մարմիններ եւ հանձնախմբեր:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ժողովին մասնակցում են Ամերիկայի Հայոց Արեւելյան Թեմի Միջեկեղեցական հարցերով պատասխանատու, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական կոմիտեում եւ Գործադիր կոմիտեում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ` Գերաշնորհ Տեր Վիգեն եպիսկոպոս Այքազյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ինտեռնետային գրասենյակի տնօրեն եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական կոմիտեում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ` Երեցկին Փոլա Դեւեճյանը, ովքեր Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից առաջադրվել էին որպես թեկնածուներ այս կառույցում եւ ընտրվել ԵՀԽ 9-րդ համահավաքի ընթացքում, իբրեւ ներկայացուցիչներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

ԵՀԽ 9-րդ համահավաքը տեղի ունեցավ սույն թվականի փետրվարի 13-ից 24-ը Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում:

Իբրեւ սպասավոր ժողովին ներկա է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի աշխատակից` Բարեշնորհ Սուրեն սրկ. Գեւորգյանը: