Հաղորդագրություն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Օրենբուրգի նահանգապետին

Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Օրենբուրգի նահանգապետ Ալեքսեյ Չերնիշեւին: Բարի գալուստ մաղթելով նահանգապետին` Նորին Սրբությունը նշեց. «Մեզ համար ուրախալի է եւ հաճելի տեսնել, որ մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները ջերմ են ոչ միայն կենտրոնական իշխանությանց ներկայացուցիչների մակարդակով այլեւ մարզերի, ինչն անշուշտ խթան է մեր երկու ժողովուրդների միջեւ եղբայրական բարի հարաբերությունների խորացման համար: Տեղյակ ենք, որ ջերմ ու բարյացակամ եք Ձեր մարզում բնակվող մեր ժողովրդի զավակաց հանդեպ եւ ապահովում եք բոլոր նպաստավոր պայմանները նրանց համար իրենց ազգային կյանքը կազմակերպելու եւ ազգային կյանքվ ապրելու համար, որի համար մեր երախտագիտությունն ու օրհնությունն ենք բերում Ձեզ եւ հանձինս Ձեզ` Ռուսիո իշխանություններին»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալեքսեյ Չերնիշեւը ներկայացրեց իր այցի նպատակները: Կարեւորելով ջերմ հարաբերությունները երկու երկրների ու ժողովուրդների միջեւ, նահանգապետը վստահեցրեց, որ Օրենբուրգի մարզում ապրող բոլոր ազգությունների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ ազգային ինքնության պահպանման համար: