ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Սեպտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ռեիսիին և դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրավանդիին:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ նման հանդիպումները նպաստում են փոխհամագործակցության զորացմանը և կապերի ամրապնդմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Անդրադառնալով Սիրիայում տիրող ծանր իրավիճակին` Նորին Սրբությունն իր խորը մտահոգությունն արտահայտեց այս կապակցությամբ` տեղեկացնելով, որ Մայր Աթոռը մշտական կապի մեջ է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ և ամեն ջանք գործադրում է` ի զորակցություն Սիրիայի ժողովրդի և սիրիահայ համայնքի: Նորին Սրբությունը նաև հույս հայտնեց, որ միջազգային հանրության խաղաղասեր ջանքերը կկարողանան ապահով և կայուն վիճակ ստեղծել տարածաշրջանում և մասնավորապես` Սիրիայում:
Հանդիպմանը դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ընծայվեց «Հիսուս Քրիստոսը Պետրոս Առաքյալի հետ» փորագրություն-նկարը, որը երկու տարվա ընթացքում պատրաստել է իրանցի մահմեդական արվեստագետ Մեհդի Աղղազադեն: Վեհափառ Հայրապետը, շնորհակալություն հայտնելով այս ընծայի համար, արվեստագետի գործը նկատեց կրոնների երկխոսության, փոխհանդուրժողականության և եղբայրական ոգու լավագույն դրսևորում` նշելով, որ փայտյա պատկերն իր արժանի տեղը կգտնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավաքածուում: