ՀԵԵՄ պատգամավորների ուխտի Ս. Պատարագ և հոգեհանգիստ ազգային բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների համար
Հուլիսի 5-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ, որին ներկա էին Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցները:
Պատարագիչն էր ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ, ՀԵԵՄ նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Սրբազան Պատարագի ընթացքում Հովնան Սրբազանը ողջունեց ՀԵԵՄ ներկայացուցիչներին, ովքեր եկել էին աշխարհի զանազան թեմերից` հաղորդ դառնալու Սուրբ Էջմիածնի խորհրդին և մինչև հոգու խորքը զգալու, ապրելու Աստծու ներկայությունը և կերպարանափոխված վերադառնալու իրենց թեմերը` որպես Քրիստոսի առաքյալներ և մեր Սուրբ Եկեղեցու դեսպաններ:
Հավարտ Պատարագի արարողության, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Մայր Աթոռի բարերարների ու ուխտավոր հայորդիների, կատարվեց Հոգեհանգստյան կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավետ օրհնյալ հովանավորներ Մանուկյան տոհմի ննջեցյալների և հայոց ազգի երախտարժան բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների հոգիների հանգստության և խաղաղության համար: