ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԻՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԻՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ 11.03.2011

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ մարտի 7-10-ը, Անթիլիասում, իր երկրորդ հանդիպումն ունեցավ Հայ Եկեղեցու ծիսական հարցերի հանձնախումբը: Ամենայն Հայոց Կաթողիկոսության կողմից սույն հանձնախմբի կազմում են Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (համտենապետ), Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը եւ Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից հանձնախմբում են Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը (համտենապետ), Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը եւ Տ. Գրիգոր ծայրագույն վարդապետ Չիֆթճյանը:

2010 թ. օգոստոսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված անդրանիկ ժողովի ընթացքում հանձնախումբը սկսեց քննարկել Հայ Եկեղեցու Սուրբ Մկրտության խորհրդին առնչվող հարցեր: Շարունակելով այդ աշխատանքները` հանձնախումբը ներկա հանդիպմանը հանգամանորեն քննարկեց Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանի կազմած` Ծիսարանների մեջ հրատարակված եւ հնագույն ձեռագրերի մեջ առկա Սուրբ Մկրտության խորհրդի բնագրերի համեմատականը: Քննարկումների արդյունքում որդեգրվեց Մկրտության միասնական բնագրի նախագիծ:

Հանձնախումբը որոշակիացրեց նաեւ Ս. Մկրտության խորհրդի արարողության հետ կապված կանոնական, խրատական, ուսուցողական եւ բարեպաշտական հարցեր: Հանդիպման երկրորդ օրվա ընթացքում նկատի առնվեցին դաստիարակչական, խրատական եւ բարեպաշտական այնպիսի հարցեր, որոնք առնչվում են մկրտվողներին հավատքի հիմնադրույթների ուսուցմանը, կնքահոր պարտականություններին եւ հարակից այլ հարցերին: Երրորդ նիստի քննության նյութը Մկրտության խորհրդի կանոնական հարցերն էին: Այս շրջագծի մեջ հանձնախումբն անդրադարձավ մկրտության խորհրդակատարության արարողակարգային, մկրտյալների տարիքային եւ մկրտության իրականացման համար առաջադրված կանոնական պայմաններին: