ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 92-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

2007 թ., ապրիլ 23-ին, երեկոյան ժամը 21. 00-ին, Հայոց Մեծ Եղեռնի 92-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցու շրջափակում տեղի ունեցավ հսկման երեկո: Մոսկվայաբնակ հայերի համար ավանդույթ դարձած ապրիլ 23-ի երեկոյան հսկումն այս տարի Մայր Եկեղեցու նախաձեռնությամբ միավորել էր Մոսկվայում գործող համարյա բոլոր երիտասարդական կազմակերպություններին, որոնք ի մի էին հավաքվել` միասնաբար ոգեկոչելու հիշատակը Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի:

Սգո հանդիսությունը սկսվեց տերունական «Հայր Մեր»-ով, որից հետո հավաքված երիտասարդությանն օրվա խորհրդով իր օրհնության խոսքն ուղղեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը: Բացման խոսքով հանդես եկավ նաեւ Մոսկվայի «Նուռ» եկեղեցասիրաց երիտասարդական կազմակերպության հոգեւոր պատասխանատու Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը: Հոգեպարար այս հանդիսության մշակութային մասին իրենց մասնակցությունը բերեցին Մոսկվայի «Օվսաննա» կամերային երգչախումբը, հանրահայտ ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ ուրիշներ: Աղոթական հոգեշեն այս մթնոլորտը տեւեց մինչեւ ուշ գիշեր:

Ապրիլի 24-ին, ժամը 12. 00-ին, Ռուսահայոց Տիրախնամ Թեմի նորակառույց Մայր Տաճարի բակում էին հավաքվել մոսկվայաբնակ բազմաթիվ հայորդիք, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի սուրբ հիշատակին: Սգո հանդիությանը իրենց ներկայությունն էին բերել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, Մոսկվայում Երեւանի Քաղաքապետարանի ներկայացուցչությունը, Ռուսաստանի Հայերի Միութունը, ինչպես նաեւ Մոսվայում գործող բոլոր ազգային, հասարակական ու մշակութային կառույցները:

Հավաքված ներկաները նախ ծաղկեպսակներ դրեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի շուրջ, որից հետո սկսվեց Հոգեհանգստյան հատուկ արարողությունը: Հանդիսադիր Սրբազան Հայրը Մոսկվայի «Սուրբ Հարություն» եկեղեցու հոգեւորականաց դասի առընթերակայությամբ հավաքական աղոթք վեր առաքեց առ Աստված` Հայոց Մեծ Եղեռնին զոհ դարձած բյուրավոր հայ նահատակների հոգիների խաղաղության ու հանգստության համար: Հավարտ արարողության ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց Եզրաս Սրբազանը` մասնավորապես ասելով. «Համազգական վիշտն է, որ այսօր համախմբել է մեզ բոլորիս այսօր այստեղ` նվրական այս վայրում, նորակերտ մեր Մայր Տաճարի բակում` միասին աղոթելու, միասին գլուխ խոնարհելու եւ հավատարմության մեր ուխտը նորոգելու մեր անմեղ նահատակների մշտավառ եւ սուրբ հիշատակի առջեւ: Թուրքական հայաջինջ հրեշածին ծրագիրն ամեն ինչ նախատեսել էր իր մեջ. կազմակերպված սրի քաշել եւ բնաջնջել մի ողջ պատմական ժողովուրդ: Սակայն հաշվի չէին առել ամենակարեւորը` հայ ժողովրդի ապրելու եւ իրենց Աստծուն պաշտելու արդար իրավունքը: Հաշվի չէին առել այն, որ Քրիստոսին հավատարիմ, Քրիստոսի հետ բազմիցս խաչված ու չարչարված մեր ժողովուրդը Քրիստոսակերպ Հարություն պետք է առնի: Եվ այսօրվա նորանկախ մեր Պետությունը, ապրող ու արարող մեր ժողովուրդն այդ հարության ապացույցն ու վկայությունն են»:

ՄԵՆՔ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՆՄԵՂ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԽՆԿԵԼԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ ԵՎ ԱՂՈԹՈՒՄ՝ ՆՐԱՆՑ ԼՈՒՍԱՎՈՐ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ