ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի դեկտեմբերի 3-7-ը Իտալիայում տեղի ունեցավ «Մշակույթներն ու Կրոնները երկխոսության մեջ ընդհանուր Եվրոմիջերկրական տուն ունենալու համար» խորագիրը կրող համաժողովը` կազմակերպված Վատիկանի Մշակույթի եւ Միջկրոնական երկխոսության Պապական Խորհրդի եւ Եվրոմիջերկրական Ինստիտուտի համատեղ ջանքերով:
Համաժողովին մասնակցում էին բարձրաստիճան հոգեւորականներ Կաթոլիկ Եկեղեցուց, ներկայացուցիչներ համայն Եվրոպայի քրիստոնեական եկեղեցիներից, հրեա եւ մուսուլման ներկայացուցիչներ, տարբեր երկրների քաղաքական գործիչներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցին այդ համաժողովին ներկայացնում է Գերաշնորհ Տ. Նորվան եսպ. Զաքարյանը, ով ներկաներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնություններն ու բարեմաղթանքները:
Համաժողովի ընթացքում հնչեցին զեկույցներ «Մարդկությունը ժողովուրդների միջեւ երկխոսության համար. 21-րդ դարի մշակութային եւ կրոնական մարտահրավերները», «Մշակույթները խաղաղ մարդկության համար», «Եվրոմիջերկրական ինտեգրացման ներկա գործընթացում աշխարհական մոդելներ միջմշակութային եւ միջկրոնական համակարգի համար», «Զբոսաշրջությունը որպես հանդիպումների եւ փոխըմբռնման միջոց մշակույթների եւ կրոնների միջեւ» խորագրերը կրող թեմաներով:
Համաժողովի նիստերն ուղեկցվում էին էկումենիկ աղոթքներով, սրաբպատկերների ցուցահանդեսներով եւ այլ մշակութային միջոցառումներով: