ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի նոյեմբերի 2-3-ը, Մոսկվայում տեղի ունեցավ «Միջազգային քրիստոնեական դիակոնիայի միջոցները» միջազգային խորհրդակցություն` կազմակերպված Մոսկվայի Պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Արեւելյան Եվրոպայի գրասենյակի կողմից:
Հանդիպմանը մասնակցեցին Եկեղեցիների եւ Կլոր սեղանների 25-ից ավելի ներկայացուցիչներ Ալբանիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Հայաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Սկոբիայից եւ Մոլդովայից:
Հայաստանը ներկայացնում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ եւ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղանի հոգաբարձուների խորհրդի անդամ Հոգեշնորհ Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը եւ Կլոր Սեղան բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արեւմտյան Եվրոպայում քրիստոնեական դիակոնիայի ներկայիս վիճակը եւ եկեղեցիների միջեւ համագործակցության մեխանիզմները: Օրակարգում կենտրոնական տեղ էին զբաղեցնում մարդու իրավունքների եւ արժանապատվության ուղղափառ ընկալումը, ինչպես նաեւ նոր դաշինքի` «Եկեղեցիների Համատեղ Գործունեություն - Զարգացում» կազմակերպության (ACT-Development) հիմնադրումը, որը փորձում է խրախուսել Եկեղեցու ծառայությունը զարգացման բնագավառում:
Բազմաթիվ հարցեր բարձրացվեցին «Եկեղեցիների Համատեղ Գործունեություն - Զարգացում» կազմակերպության հաստատման գործընթացի եւ փաստաթղթերի վերաբերյալ:
Նոյեմբերի 2-ին խորհրդակցությանը միացավ նաեւ Մոսկվայի Պատրիարքարանի Միջեկեղեցական հարաբերությունների նախագահ Կալինինգրադի եւ Սմոլենսկի Մետրոպոլիտ Կիրիլը, որը հաստատեց, որ էկումենիկ ջանքերը պետք է ուղեկցվեն Եկեղեցու հոգեւոր խնամքով եւ առաջնորդությամբ: Նա կարեւորեց ԵՀԽ-ի մասնակցությունը «Եկեղեցիների Համատեղ Գործունեություն - Զարգացում» կազմակերպության հետագա կազմավորման գործընթացին: