ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 11.01.2011

Սույն թվականի հունվարի 10-ին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները՝ առաջնորդությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Վրաստանում Հ.Հ. արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Հրաչ Սիլվանյանի այցելեցին Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարան, ուր նրանց դիմավորեց Վրաց Եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերասիմ միտրոպոլիտը եւ ուղեկցեց Պատրիարքի պաշտոնական ընդհունարան:

Նորին Սրբություն Իլիա Բ ջերմորեն ընդունեց Վիրահայ պատվիրակությանը եւ Վրաց եկեղեցու անունից շնորհավորեց հայ ժողովրդին եւ Հայ եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հ.Հ. նախագահին, Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով: Հանդիպմանը շնորհավորական եւ ողջույնի խոսքով հանդես եկան՝ թեմի Առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հ.Հ. Արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, <<Վրաստան>> թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայտնի մտավորական եւ հասարակական գործիչ՝ Գիվի Շախնազարը եւ Վրաստանում հայ գործարարների միության ներկայացուցիչ Սամվել Աղեկյանը, Վիրահայ պատվիրակությունը Համայն Վրաց Պատրիարքին փոխանցեց նաեւ Վրացահայ հայտնի գեղանկարիչ Լեւ Բոյախչեւի աշխատանքը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Վրաստանի հայ գործարարների միության ներկայացուցիչներ եւ Պատրիարքական փոխանորդ Թեոդոր միտրոպոլիտը:

Հանդիպումը անցավ շատ ջերմ մթնորլորտում: Համայն Վրաց Պատրիարք Իլիա Բ մեկ անգամ եւս իր հարգանքը եւ բարեկամական սերը արտահայտեց համայն հայության հանդեպ եւ հորդորեց հավատարիմ մնալ դարերից եկող հայ-վրացական եղբայրության եւ բարեկամությանը, հույս հայտնելով, որ միասնական ուժերով կհաղթահարվեն մեր եկեղեցիներին եւ ժողովուրդներին հուզող հարցերը:

Իլիա Պատրիարքը վիրահայ պատվիրակությանը նվիրեց Պատրիարքարանի մառանից գինի` հույս հայտնելով, նաեւ որ այս տարի կկայանա Նորին Սրբություն Գարեգին Բ եղբայրական այցը Վրաստան եւ ինքը պատրաստ է ջերմորեն ընդունելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ վերահաստատել հայ–վրացական եկեղեցական հնամենի բարեկամությունը:

Վիրահայոց թեմի մամլո դիվան