ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլ 26-մայիս 2-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին գտնվում Շվեյցարիայի հայոց թեմի երկու համայնքների` Նեոշաթել-Ժուրայի եւ Ցյուրիխի եկեղեցական վարչությունների ատենապետեր պրն. Ալեն Ուգնատը եւ պրն. Վռամշապուհ Թերզյանը` գլխավորությամբ հոգեւոր հովիվ Տ. Շնորհք քհն. Չեքիջյանի, ովքեր ժամանել էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով:
Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվեցին շվեյցարահայ համայնքների հոգեւոր, վարչակազմակերպական եւ ազգային-մշակութային կյանքին առնչվող հարցեր:
Համայնքների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը ջերմ ընդունելության, հոգատար վերաբերմունքի եւ ուշադրության համար: Հայոց Հայրապետը իր օրհնությունը եւ գնահատանքը բերեց պատվիրակներին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ դրսեւորած որդիական սիրո եւ հավատարմության համար: Ի գնահատություն երկարամյա հոգեւոր ծառայության եւ վաստակի` Վեհափառ Հայրապետը քահանայական լանջախաչ կրելու իրավունք շնորհեց Նեոշաթել-Ժուրայի եւ Ցուրիխի հայոց համայնքների հոգեւոր հովիվ Տ. Շնորհք քհն. Չեքիջյանին: