ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել է «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» ծրագիրը:

Ծրագիրը, որի նպատակն է աշակերտներին հաղորդ դարձնել Սուրբ Պատարագի խորհրդին եւ երգեցողությանը, իրականացվելու է երեք փուլերով` տարածաշրջանային, մարզային եւ հանրապետական:

Հայոց Եկեղեցու թեմերի, տեղական ինքնակառավարման մարմինների կրթության բաժինների եւ նրանց կողմից լիազորված անձանցից ձեւավորված տարածաշրջանային հանձնախմբերը, մասնակցելով միջոցառումներին, տարածաշրջանից ընտրելու են լավագույն դպրոցը: Հաղթող ճանաչված դպրոցները մասնակցելու են մարզային փուլին, ապա հանրապետական փուլին` եզրափակիչ եռօրյա մրցույթ-փառատոնին, որն անցկացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Եզրափակիչ փուլի ավարտին ընտրվելու են հաղթողներ «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում, իսկ գլխավոր` «Հայրապետական մրցանակ»-ը շնորհվելու է լավագույն միջոցառում ներկայացրած դպրոցին: